Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ ոչ ոք ի վիճակի չէ դադարեցնելու ռազմական գործողությունները Ուկրաինայում, ինչի հետևանքով երկրի ընդարձակ տարածքները «վերածվել են զորավարժարանի», գրում է ТАСС-ը։
«Աշխարհում իրավիճակը շատ ծանր է, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում նման մարտահրավեր չի եղել: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, պատերազմը չի դադարում, Ուկրաինայի տարածքի 20%-ից ավելին արդեն վերածվել է զորավարժարանի: Ավերիչ պատերազմ է, քաղաքները, շրջանները, գյուղերը հավասարվում են հողին, և ոչ ոք ի վիճակի չէ դա կանգնեցնելու»,- ասել է վարչապետը կառավարության նիստում։
Նա ընդգծել է, որ «Վրաստանն ուկրաինացնելու», այսինքն՝ այն նույն զորավարժարանի վերածելու և Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու Վրաստանի թշնամիների ծրագիրը ձախողել է։ Ղարիբաշվիլին նշել է, որ տնտեսական աճը, գնաճի և աղքատության մակարդակի նվազեցումը, որոնք նկատվում են երկրում, անհնար է առանց խաղաղության պահպանման։
Վրաստանի իշխանությունները պարբերաբար մեղադրում են որոշ արևմտյան և ուկրաինացի քաղաքական գործիչների՝ երկիրը Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ ներքաշելու փորձերի համար։ Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ ասել էր, որ «երկրորդ ճակատի» մասին խոսակցությունները համարում է դավադրության տեսություն։