Ապրիլի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգելի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։
Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը։
Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին կայացրած որոշման կարևորությունը, համաձայն որի, ի թիվս այլնի, Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: