Ադրբեջանը Եվրադատարանին խնդրել է երկարաձգել 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում քաղաքացիական անձանց գնդահակարության և «Սարդարյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով Հայաստանից ստացված գանգատին պատասխանելու ժամկետը: Առարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է մոտ օրերս:
Արտակ Զեյնալյան (իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Որպես կանոն՝ Ադրբեջանը հերքում է, ժամանակ է ձգում: Հերքում է, որևէ պարագայում չի ընդունում որևէ փաստ, երբ կստանանք Ադրբեջանի կառավարության առարկությունները, կներկայացնենք դիրքորոշում:
Խոսքը 2020-ին Հադրութի հրապարակում 73 -ամյա Բենիկ Հակոբյանի և 25-ամյա Յուրի Ադամյանի գնդահակարության, դրան նախորդած՝ 2020-ի ամռանը Նախիջևանի տարածքից ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի կողմից Ներքին Խնձորեսկի բնակչի՝ Նարեկ Սարդարյանի առևանգման դեպքերի մասին է: Հայ հովվին նախ ենթարկել էին խոշտանգման, ապա 2020-ի դետեմբերի 15-ին հայ գերիների խմբի հետ ուղարկել Հայաստան: Այժմ այս գործերով ՄԻԵԴ-ում Ադրբեջանի հետ բանավեճի փուլն է: Հայաստանի կառավարությունն այս գործերով երրորդ կողմ է ներգրավվել` հնարավորություն ստանալով ներկայացնել իրավական դիրքորոշում:
Արտակ Զեյնալյանը անդրադառնում է նաև 7 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի թույլ տված պատերազմական հանցագործություններին, որոնց գործերով քննությունը ավարտվել է, սպասվում է Եվրադատարանի վճիռը:
Արտակ Զեյնալյան - Եվրադատարան ներկայացվել են մոտ 350 և ավելի գանգատներ, 26 հոգու դեպքում ներկայացրել ենք որպես սպանվածներ կամ նրանց մարմինների նկատմամբ իրականացված անմարդկային վերաբերմունք, խոշտանգում, այդ հիմքով:
Ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում իրականացված ռազմական հանցագործությունների դեպքերով Եվրադատարան է ներկայացվել 26 անձի վերաբերյալ 23 գանգատ: Ներկայացվել են գանգատներ նաև քառօրյայի ժամանակ տուժած երեխաների, թալիշցի Խալափյանների ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ: Զեյնալյանի խոսքով՝ դիմել են նաև պոտենցիալ տուժողների անունից, նաև սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության հիմքով: Նման 350 գանգատ է ներկայացվել՝ ավելի քան 700 քաղաքացու անունից: Ադրբեջանը ՄԻԵԴ-ին փորձել է համոզել, որ սպանված 26 անձի մարմինները անվնաս է փոխանցել հայկական կողմին:
Արտակ Զեյնալյան - Մեզ հաջողվեց ապացուցել, որ Ադրբեջանի դիահերձարաններում այդ մարմնական վնասվածքները կային: Նկատեցինք, որ լուսանկարների մեջ դատաբժշկական փորձաքննության երևաց մի փոքրիկ նշան տեսախցիկի օբյեկտիվ, դատարանի միջոցով պահանջեցինք տեսանյութները, տեսագրել էին ամբողջ պրոցեսը փորձաքննության: Տեսանյութը վերածեցինք լուսանկարների, երևում էին վնասվածքները: Բացահայտեցինք, որ դրանք դատական բժիշկները ծածկում են: Ապացույցներ են կեղծում, նաև սա ենք ներկայացրել ՄԻԵԴ: Սրանք առանձին խախտումներ են:
Արդեն 2022-ի սեպտեմբերի ռազմական գործողությունների ժամանակ հայ զինծառայողների խոշտանգման ու սպանության վերաբերյալ գանգատները ՄԻԵԴ-ը դեռևս վարույթ չի ընդունել: Վերջին 3 տարում Եվրադատարանում Ադրբեջանի դեմ կայացվել է 6 դատական ակտ, որոնցից ոչ մեկը Բաքուն դեռևս չի կատարել: Զեյնալյանը հիշեցնում է, որ վճիռների կատարումը գտնվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հսկողության ներքո: Իրավապաշտպանը մատնանշում է նոր ընթացակարգը, ըստ որի` հնարավորություն կա դիմել Եվրոպական դատարան՝ վճիռների չկատարման փաստը կրկնակի խախտում ճանաչելու պահանջով: