Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրում մոտ 190 մլն դրամին համարժեք սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է տեղի մանկապարտեզը։
Վարչապետը տեղում է ծանոթանում շինարարության ընթացքին:
Աշխատանքային շաբաթը Նիկոլ Փաշինյանը մեկնարկել է մարզ աշխատանքային այցով:
Ճանապարհաշինություն, ջրային ենթակառուցվածքների բարելավում, կրթական հաստատությունների կառուցում, գազիֆիկացում, վերականգնվող էներգետիկա և մի շարք այլ ուղղություններ: 2018-2022 թթ. Արագածոտնի մարզում իրականացվել են 9 մլրդ 830 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր: Մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունն է՝ վարչապետն է ծանոթանում:
Միայն 2022 թ. իրականացվել է մոտ 2.9 մլրդի սուբվենցիոն ծրագիր: Իսկ 2023 թ. համար արդեն հաստատվել է ավելի քան 1,3 միլիարդի 10 սուբվենցիոն ծրագրի հայտ, ևս 13-ն էլ քննարկման փուլում են:
Վարչապետը շեշտում է՝ սուբվենցիոն ծրագրով ստեղծվող ենթակառուցվածքը, անկախ տեսակից, պետք է ապահովված լինի նաև անհրաժեշտ նոր գույքով:
Օհանավանի միջնակարգ դպրոցի մասին է խոսքը: Այցի շրջանակում վարչապետի հերթական կանգառն է:
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով մարզում 4 դպրոց և 3 մանկապարտեզ կառուցման փուլում են, 6 դպրոց և 1 մանկապարտեզ՝ նախագծման, 2 դպրոց էլ՝ ուսումնասիրության:
Նիկոլ Փաշինյանը, բացի դպրոցաշինությունից, կարևորում է որակական բաղադրիչի հետևողական բարելավումը, այդ թվում՝ ուսուցիչների ատեստավորման միջոցով:
Մարզում պարտադիր ատեստավորում է անցել 701 ուսուցիչ, կամավոր՝ 46:
Սա Ներքին Սասնաշեն-Մեծաձոր՝ 9.5 կմ-անոց ճանապարհահատվածն է՝ արդեն հիմնանորոգված:
Ոչ միայն լավ ասֆալտն է կարևոր, այլև ճանապարհի պատշաճ կահավորումը՝ վարչապետի դիտարկումն է։
Վարչատարածքային բարեփոխման արդյունքում 114-ից համայնքները դարձել են 8-ը: Արձանագրվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների աճ. 2022-ին, 2021-ի համեմատ, այդ աճը կազմել է 103 մլն դրամ: 2022-ին մարզում իրականացված մյուս փոփոխություններին ու ծախսերին է ծանոթանում վարչապետը, ընդգծում՝ այդ աճը պահելու համար կարևոր է օրենսդրական բարեփոխումների և էլեկտրոնային համակարգերի հետևողական ներդրումը:
Օգտագործվող վարելահողերի և արոտավայրերի ծավալն ավելացնելու համար համայնքների հետ թիրախային աշխատանք է պետք՝ գործադիրի ղեկավարի հանձնարարականն է:
2022-ին հողամասերի նպատակային նշանակության փոփոխության, պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության և աճուրդով օտարման արդյունքում միայն համայնքների բյուջեներ մուտքագրվել է շուրջ 351 մլն դրամ:
Գյուղատնտեսության ոլորտում շեշտադրումը ինտենսիվ այգիների, հակակարկտային ցանցերի տեղադրման, գյուղատնտեսության ապահովագրության, ագրոպարենային սարքավորումների և գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրերին է ուղղված: Նախատեսվում է 431 մլն դրամի սուբսիդիա տրամադրել աշնանացան ցորենի արտադրության խթանման համար: Արդեն իսկ կա ավելի քան 2200 կնքված պայմանագիր:
Մոտ 3.3 մլրդ դրամի վերակառուցման աշխատանքներ էլ նախաձեռնվել են առողջապահական հաստատություններում, որոնց շարքում են «Աշտարակ» և «Թալին» բժշկական կենտրոնները, «Ծաղկահովիտ» առողջության կենտրոնը:
Արագածոտնի մարզը՝ զբոսաշրջային կենտրոն՝ Ապարան համայնքում իրականացվող զբոսաշրջային խոշոր ծրագրերի մանրամասներին է վարչապետը ծանոթանում: Իսկ 2022 թ. ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա էլ առաջիկայում նախատեսվում է սկսել մարզում արտադրվող հայկական գինիների արտահանում դեպի եվրոպական մի շարք երկրներ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան