Ապրիլի 3-ից կմեկնարկի նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 15։00-19:00-ն, Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի, նյութական վնասների փոխհատուցման կոմիտեի, 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դպրոցների շենքերում:
Կտրոնների տեղաբաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար ապրիլի 4-ից Ստեփանակերտում կավելացվեն կտրոնների տրամադրման կետերը, ինչպես նաև պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետծառայողների համար կգործեն սպասարկման առանձին կետեր:
Իսկ Արցախի մյուս համայնքների բնակիչները կտրոնները կարող են ստանալ ապրիլի 5-ից՝ համայնքային կենտրոններից։
Վաղվանից Ստեփանակերտի և Մարտակերտի շրջանի խանութներին կմատակարարվեն բանջարեղեն՝ գազար, բազուկ, կաղամբ, սոխ, իսկ հաջորդող օրերին՝ նաև վարունգ ու լոլիկ:
Ասկերանի և Մարտունու շրջանների խանութներին մատակարարումները կիրականացվեն ապրիլի 4-ից և 5-ից սկսած:
Այն քաղաքացիները, որոնք չեն օգտագործել նախկինում ստացած կտրոնները, գնումներ կատարելու համար կարող են դրանք օգտագործել մինչև ապրիլի 10-ը՝ միաժամանակ հնարավորություն ունենալով նաև ստանալու նոր կտրոններ։