«Սևքարեցի Դավիթը, ինչպես իրեն ճանաչում էին զորամասում, պարտադիր ժամկետային զինծառայության էր մեկնել 2019 թվականին, ծառայել է Հադրութում: Մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին»,- գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի էջում:
«Դավիթի մոր՝ Սոնա Շահնազարյանի խոսքով՝ ծառայության առաջին տարին բոլորելուց հետո Դավիթը վերապատրաստումների էր մեկնել, վերադարձել զորամաս արդեն որպես ջոկի հրամանատար: Պատերազմի առաջին օրերին Ստեփանակերտում նաև հետախուզական դասընթացների է մասնակցել:
Տիկին Սոնան հիշում է՝ Դավիթի հրապարակած՝ «Ջերմ ժպիտներ Ակնայի քաջերից» վերնագրով նկարից են պարզել, որ առաջնագծում է:
Արագ արձագանքման ջոկատի կազմում Դավիթը մասնակցել է Շուշիի հարակից գյուղերի, ապա նաև բերդաքաղաքի պաշտպանական մարտերին, ծնողների տեղեկությամբ, ինչ-որ պահից ստանձնել է նաև ջոկատի հրամանատարությունը:
Դավիթի զինակից ընկերները, արդեն պատերազմից հետո, ընտանիքի անդամներին պատմել են, որ իրենց բոլորին Դավիթն է շտապ օգնության մեքենա տեղափոխել ու ճանապարհել հոսպիտալներ։ Բոլորին խոսք է տվել, որ ինքն էլ կգա»։