Դպրոցական դասագրքերի ստեղծման մրցույթը որոշակի դժգոհություն է առաջացրել հրատարակիչների ու հեղինակների շրջանում: Նշվում է, որ մրցույթը հայտարարվել է՝ Տավուշում փորձարկման արդյունքում լրամշակված չափորոշիչները դեռ չհաստատված, նաև ժամկետն է կարճ որակյալ դասագիրք ստեղծելու համար:
ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ (մանկավարժ, կրթության փորձագետ) - Եթե, ասենք, պարզվի, որ չափորոշչում արմատական փոփոխություն պետք է արվի, արդյոք կմերժե՞նք այդ փոփոխությունը, որովհետև կասենք՝ արդեն մրցույթը հայտարարված է, շատ բան չենք կարող փոխել: Իհարկե, հասկանալի է, մարդիկ դասագրքերը գրում են ծրագրերի հիման վրա, բայց ամեն դեպքում չափորոշիչն է իրական փաստաթուղթը, որովհետև ծրագիրը համարվում է չափորոշչի մաս:
Մրցույթը հայտարարվել է նախորդ տարեվերջին: Դիմելու և պատրաստի դասագիրքը ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 20-ն է, այն էլ՝ երկարաձգվելուց հետո: Ավելի վաղ տպագրված դասագրքերի հեղինակ Սերոբ Խաչատրյանը չի մասնակցելու մրցույթին:
ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Մեր խումբը և ամբողջ հրատարակչությունն էլ որոշեց չմասնակցել:
Ասում է՝ նախկինում դասագիրք գրելու համար 6-7 ամիս էր տրվում: Ընդ որում՝ մրցույթին կարելի էր ներկայացնել դեռ միայն 80 տոկոսով պատրաստ տարբերակը: Խստացվել են նաև ուսուցչի ձեռնարկի համար ներկայացվող պահանջները: Բացի դրանից էլ՝ ֆինանսական պայմաններն են վատթարացել: Դասագրքի պատրաստման համար առաջարկվում է ավելի քան 6 մլն դրամ:
ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Օրինակ՝ իքս հրատարակչությունը կարող է շահել: Էդ վեց միլիոնով ինքը պիտի և՛ հեղինակներին վճարի, և՛ դիզայներին, և՛ նկարչին, և՛ խմբագրին, և՛ սրբագրիչին, և՛ էջադրողին, և՛ պետք է ղեկավարներին ինչ-որ տոկոս մնա: Եվ, բնականաբար, դա բիզնես է, պետք է շահույթ էլ ունենա: Երբ որ էդ թվերը գումարում եք, բավական ծիծաղելի բան է ստացվում:
Վերջին անգամ դասագրքերի մրցույթ անցկացվել է 2007 թվականին: Նախկինում հրատարակչությունը ձեռք էր բերում ամբողջ գործընթացը կազմակերպելու իրավունքը՝ տպագրությունը ներառյալ: Ֆինանսավորումն էլ ամբողջի համար էր:
ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Եթե մանկավանդ մեծ տպաքանակ էր, տասնյակ միլիոնավոր դրամներ էին: «Ստացվում է՝ հեղինակը էլի մոտավորապես նույն բանն է ստանալու, տպագրության գումարն է փոխվում»: Չէ, որովհետև այսօր հեղինակը կարող է ստանալ 8 տոկոս, իսկ առաջ եղել է մինչև 15 տոկոս: Այս մոդելում շահող է դուրս գալիս էն ընկերությունը, որը կտպագրի դասագրքերը, ոչ թե որ կպատրաստի: Սա է մտահոգությունը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծում է՝ նոր ձևաչափով մրցույթ կազմակերպվում է առաջին անգամ: Կատարվել են էական փոփոխություններ, ու սա փորձարկման տարի է, և բնական է, որ կարող է նաև բարելավումների անհրաժեշտություն առաջանալ:
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Առանձնացրել ենք դասագրքերի ստեղծման մրցույթը դասագրքերի տպագրությունից, որպեսզի կարողանանք ավելի որակյալ դասագրքեր ստանալ:
Ըստ նախարարի՝ ակտիվ աշխատել են ոլորտի ներկայացուցիչների հետ, լսել նրանց դիտարկումները: Մի մասը հաշվի են առել, մի մասին համաձայն չեն, քանի որ խնդրին նայում են տարբեր դիտանկյունից: Մրցութային հրավերը փոխվել է, երկարաձգվել ժամկետը:
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ - Իհարկե, էստեղ շատ հստակ է, որ, օրինակ, հրատարակիչների պատկերացումներն ու շահերը գործընթացի մասով մի փոքր այլ են: Քանի որ հիմա ստեղծման գործընթացում հնարավորություն է ընձեռվել մասնակցելու նաև ոչ հրատարակչություններին, ապա պարզ է, որ դաշտը ավելի է ընդլայնվում և բացվում:
Նախարարը պարզաբանում է՝ երբ հրատարակչությունը նաև տպագրությունն էր իրականացնում, ծախսարդյունավետ չէր:
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ - Այսինքն՝ եթե, օրինակ, մենք պիտի տպենք 300 հազար հատ դասագիրք, սահմանափակված էինք սա անելու, որովհետև ամեն մեկը տպագրում էր հենց իր դասագիրքը: Արժեքն էր բարձրանում, և գործընթացն էլ անհարկի մասնատվում էր: Հիմա մենք պլանավորում ենք, որ կարող ենք ունենալ մեկ ամբողջական տպագրության փաթեթ բոլոր դասագրքերի համար, ինչից կախված՝ առանձին գրքի տպագրության արժեքը պիտի էապես նվազի»:
Չափորոշիչների ու ծրագրերի վերաբերյալ նախարարը նշում է, որ հստակություն կա, ու դա բազմիցս են գրավոր պարզաբանել: Դասագրքի ստեղծման ժամկետի վերաբերյալ մտահոգություններին արձագանքելով էլ ասում է՝ նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա կարող է բավարար լինել: Միևնույն ժամանակ, ըստ նրա, սա իրենց պատկերացրած լավագույն ժամանակահատվածը չէ, և հաջորդ անգամ մրցույթին պատրաստվելու համար ավելի երկար ժամանակ կտրամադրվի: Ինչ վերաբերում է հեղինակների հոնորարին, գերատեսչությունից նշում են՝ հեղինակներին տրվող գումարը նախկինում էլ մոտ 8 տոկոս է կազմել:
Չափորոշիչները դպրոցներում փուլ առ փուլ ներդրվելու են սեպտեմբերից: Այս տարի մրցույթը վերաբերում է 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների դասագրքերին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան