Հայաստանում, 2022-ի դեկտեմբերի տվյալով, աշխատատեղ ապահովող 64 հազար 786 կազմակերպություն կա. սա 2021-ի դեկտեմբերի համեմատ 12.5 տոկոսով ավելի է: Մեկ կազմակերպությանը բաժին է հասնում միջինում 10.9 աշխատատեղ: Քանակային առումով՝ կազմակերպությունների գերակշիռ մասը՝ 84 տոկոսը, ապահովում են 1-ից 9-ը աշխատատեղ ունեցող կազմակերպությունները, 10-ից մինչև 49 աշխատատեղ են ապահովում կազմակերպությունների 12.6 տոկոսը, 50-ից 249 աշխատատեղ ապահովում են 2.9 տոկոսը, իսկ խոշոր՝ 250 և ավելի աշխատատեղ ապահովող կազմակերպությունների թիվը 0.5 տոկոս է:
Գագիկ Մակարյան (Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ) - ՏՏ ոլորտում տեղի ունեցան համալրումներ, ՏՏ ոլորտի ընկերությունների մեծ մասը փոքր ու միջին են, շատ քիչ կա, որ խոշոր են, որովհետև խոշոր ընկերությունը պետք է ունենա 251 աշխատող և ավելի, ՏՏ ոլորտում մենք հազվագյուտ ընկերություններ ունենք, ընդամենը մատների վրա կհաշվենք, երևի մի 5-6 ընկերություն ունենք, որոնք որ այդ ցուցանիշից բարձր են, և ՏՏ ոլորտի ծավալների աճը և նոր ընկերությունների գրանցվելը նույնպես որպես փոքր ու միջին այդ քանակներն ավելացրեց:
Խոշոր կազմակերպությունները միասին 305-ն են՝ մասնավոր և պետական, ապահովում են աշխատատեղերի 31.6 տոկոսը, իսկ կազմակերպությունների 84 տոկոսը, որոնք փոքր են համարվում, ընդհանուր աշխատատեղերի 19.3 տոկոսն են ապահովում:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Մենք ունենք թույլ զարգացող ճյուղերում փոքր կազմակերպությունների կուտակումներ, որոնք որ իրենց հերթին ևս աճի զսպման գործոն կարող են հանդիսանալ, որովհետև 8-9 հոգուց են բաղկացած կամ կան հազարավոր դեպքեր, երբ որ ընդամենը 1 գրանցված աշխատող կա կազմակերպությունում: Այդպիսի կազմակերպությունից ակնկալել աճի բարձր տեմպեր կամ ներառական աճի ապահովման հնարավորություններ, խելամիտ չի լինի:
Ըստ փորձագետի՝ բիզնեսը գրանցման և գործունեություն ծավալելու առումով խնդիր չունի մեր երկրում, սակայն այլ հարց է, որ թե՛ բիզնեսը, թե՛ պետությունը պետք է հասկանան հնարավոր ակնկալիքները:
Աշխարհում նորմալ երևույթ է, երբ փոքր բիզնեսները աճելու, խոշորների հետ պայքարելու և արտահանման շուկաներ դուրս գալու համար միավորվում են: Հայաստանը ևս, ըստ փորձագետի, պետք է այս ուղղությամբ շարժվի.
Հայկ Բեջանյան - Մեր մշակույթի մեջ սեփականության նկատմամբ ընկալումը մի քիչ շատ ավելի խորն է և շատ հաճախ հենց այդ ընկալումն է, որ խանգարում է ինչպես միությունների, այնպես էլ կորպորացիաների ձևավորմանը:
Գործատուների միության նախագահի կարծիքով՝ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը ընդհանուր առմամբ զիջում է եվրոպական միկրոբիզնեսի շրջանառությանը: Մակարյանը նշում է՝ կան երկրներ, որտեղ փոքր թվով ընկերություններ մեծ արդյունք են ապահովում:
Գագիկ Մակարյան - Պետք է լինի ծառայությունների կամ արտադրությունների մոդերնիզացիա, երկրորդը` պետք է լինեն ավելի հասանելի վարկեր, ֆինանսների հասանելիությունը պետք է կարգավորվի, երրորդը` կադրեր, բարձր արտադրողականությամբ, գիտակ, պրոֆեսիոնալ կադրեր, հաջորդը՝ մենեջմենթ, ես չեմ թաքցնում, որ շատ ընկերություններում նաև մենեջմենթի որակը ցածր է:
Մասնագետներն ընդգծում են՝ բիզնեսի հետ ավելի սերտ աշխատանքի անհրաժեշտություն կա, որ փոքր շրջանառություն ապահովող գործարարները մտածեն միացման և ավելի բարձր արդյունք ստեղծելու մասին:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան