Դատական փոփոխությունների շուրջ Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում՝ հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում մի շարք հանդիպումներ ենք ունեցել կոալիցիայի և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերելու և փոխզիջումային լուծում գտնելու հույս կա»,- հավելել է նախագահը։
Հերցոգը նշել է, որ իր թիմը կանի հնարավորը՝ արձագանքելու իսրայելցիների մտահոգություններին և պահանջներին:
Իսրայելում դատական փոփոխությունների դեմ արդեն մի քանի ամիս է զանգվածային ցույցերը չեն դադարում: Հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց բողոքն են հայտնում վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության քաղաքականության հանդեպ՝ պնդելով, որ նա փորձում է յուրացնել իշխանությունը և վերահսկել դատական համակարգը։ Օրերս Իսրայելի վարչապետը հայտարարեց, որ երկրում զանգվածային ցույցերի պատճառ դարձած դատական փոփոխությունները կասեցվում են մինչև ամառ՝ կանխելու հասարակական պառակտումը և գտնելու տարաձայնությունները լուծելու փոխզիջումային տարբերակներ: