Թեհրանի և Բաքվի միջև շարունակվում է դիվանագիտական առճակատումը:
Նախօրեին Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին դատապարտել էր Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին Իսրայելի արտգործնախարարի հայտարարությունը: Մարտի 29-ին Թել Ավիվում Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարների հանդիպման ընթացքում իսրայելցի դիվանագետը հայտարարել է, թե Իրանն ընդհանուր սպառնալիք է Ադրբեջանի ու Իսրայելի համար և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է: Գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն դիմել է Նասեր Քանանիին, կոչ արել ուշադիր լսել Ջեյհուն Բայրամովի ելույթները։
Այխան Հաջիզադե (Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ) - Իսրայելի արտգործնախարարի հետ հանդիպմանն Ադրբեջանի գլխավոր դիվանագետը Իրանի դեմ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Ուստի Բաքվին ուղղված՝ Իրանի արտաքին գործերի նախարարության զգուշացումները դիտարկում ենք որպես հերթական հակաադրբեջանական քայլ: Ավելին՝ վերջին շրջանում Իրանը սպառնալիքներ է հնչեցնում Ադրբեջանի հասցեին: Իրանական սադրանքների օրինակներից են Ադրբեջանի հետ սահմանին զորավարժությունները, Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը: Նաև նշում ենք, որ, ըստ նախնական հետաքննության, Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ իրականացված ահաբեկչության հետքերը տանում են Իրան:
Ավելի ուշ Նասեր Քանանին Թվիթերի միկրոբլոգում մեջբերել է Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենի՝ մարտի 29-ի հայտարարությունը՝ «Ես և Բայրամովը պայմանավորվել ենք միասնական ճակատ ստեղծել Իրանի դեմ և խորացնել երկկողմ գործակցությունը տնտեսության, անվտանգության, էներգետիկայի և այլ ոլորտներում»:
Նասեր Քանանի (Իրանի ԱԳՆ խոսնակ) - «Թեհրանը ստեղծված իրավիճակի հետ կապված դիմել է Բաքվին, սակայն պարզաբանումների փոխարեն ադրբեջանական կողմը նոր մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին: Արդյոք այդ լռությունը չի՞ նշանակում, որ Բաքուն անուղղակիորեն հավանություն է տալիս իր ռազմավարական գործընկերոջ հայտարարություններին»:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Իրանի ԱԳՆ խոսնակի նոր գրառմանը.
Այխան Հաջիզադե - «Մենք հստակեցրել ենք Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ մեր դիրքորոշումը։ Ով ցանկանում է իմանալ ճշմարտությունը, կարող է դիտել Իսրայելի և Ադրբեջանի արտգործնախարարների ճեպազրույցի տեսանյութը»։
Իրան-Ադրբեջան հարաբերություններում սրվող լարվածությանն արձագանքել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Հերթական խորհրդակցության ժամանակ նա մեկնաբանել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարիի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանում իսրայելական ուժեր կան, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական ուժերի դեմ կռվող սիրիացի ահաբեկիչները չեն լքել Ադրբեջանի տարածքը: «Թեհրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում, ինչպես նաև թույլ չի տա տարածաշրջանում պետական սահմանների որևէ փոփոխություն»,-զգուշացրել էր Հեյդարին:
Զաքիր Հասանով (Ադրբեջանի պաշտպանության նախարար) - «Ոչ ոք իրավունք չունի մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով. ահաբեկչության և բռնազավթման քաղաքականությանն աջակցող երկրների զինվորականների մեղադրանքներն անընդունելի և անհեթեթ են»:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ երկրի ՊՆ ծառայողական խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ: