Գլխուղեղի կաթվածի պետական ծրագիրը Գյումրիում ներդրվեց մեկ տարի առաջ։ Այս ընթացքում ծրագրից օգտվել է 600-ից ավելի բուժառու, 400-ը կաթվածով հիվանդներ են եղել։
Ժորա Բաղդասարյան («Գյումրի» բժշկական կենտրոնի նյարդաբանության և կաթվածի բաժանմունքի ղեկավար) - Նրանցից 70-ը հնարավորություն են ունեցել ստանալ աշխարհի մակարդակով լուրջ թերապիա, տրամբոլիտիկ թերապիա, մեխանիկական տրաբոլեկտիա: Այդքան մարդ հնարավորություն է ունեցել այդ բուժումը ստանալ:
Ծրագրով սուր կաթվածի փուլում հիվանդանոց հասցված ցանկացած պացիենտի բուժօգնություն է ցուցաբերվում պետպատվերով։
Ժորա Բաղդասարյան - Ուզում եմ ֆիքսել, որ ամբողջ ծախսը հոգում է պետությունը, առանց այս պետական ծրագրի՝ հնարավոր չէր լինի այսպիսի բարձրակարգ բուժում ապահովել մարզերում: Հիվանդը չի վճարում ընդհանրապես, եթե ցուցումը կա։
Գյումրիում այս ծառայությունն անհրաժեշտություն է, քանի որ կաթվածի այս տեսակների բուժման համար խիստ կարևոր ցուցիչ է ժամանակի գործոնը։
Ժորա Բաղդասարյան - Տրոմբոլիտիկ թերապիայի դեպքում ունենք ընդամենը չորսուկես ժամ, իսկ մեխանիկական, վիրահատականի դեպքում առավելագույնը մեկ օր:
Արմեն Խաչատրյան («Գյումրի» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն) - Եթե ժամանակն անցնի, անարդյունավետ է: Եթե ժամանակի մեջ է, պետք է կարողանանք նվազագույնի հասցնել ժամանակահատվածը՝ հիվանդի տնից մինչև վիրահատությոուն։
Այս իմաստով ծառայության գործակցությունը առաջնային օղակի հետ խիստ կարևոր է և մշտական բնույթ է կրում։
Արթուր Մանուկյան («Գյումրիի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ տնօրեն) - Առաջին րոպեներին շտապ օգնության անձնակազմն է շփվում հիվանդի հետ, և շատ կարևորում եմ ծառայության արհեստավարժությունը, ճիշտ գնահատականը և ժամանակին հասցնելը կաթվածի կենտրոն։
Գյումրիի կենտրոնն ընդունել է նաև հիվանդների Սպիտակից, Վանաձորից, Տաշիրից;
Հասմիկ Մինասյան (Սպիտակի բժշկական կենտրոնի նյարդաբան) - Մեզ շատ մեծ օգնություն էր այս բաժանմունքի բացումը:
Ժորա Բաղդասարյան - Ցավոք դեռ միակ մարզային կենտրոնն է, որ Երևանից դուրս է, մնացածը Երևանում են: Հուսով ենք, որ նման կենտրոններ ունենանք նաև ստրատեգիական կարևոր Սյունիքի մարզում:
«Գյումրի» ԲԿ-ի մասնագետները պատրաստ են մասնագիտական աջակցություն տրամադրել հարակից մարզերի նյարդաբաններին։ Ծառայությունը Գյումրիում առայժմ վեց բժիշկ ունի։ Բոլորը վերապատրաստվել են մայրաքաղաքի և արտերկրի կլինիկաներում։