Հանրայինն իր 67-րդ գարունը սկսել է նոր գույներով, վառ ու ջերմ տրամադրությամբ և մեկ տասնյակից ավելի նոր հաղորդումներով:
Նոր եթերաշրջանի ամենամեծ նախագիծը հայ երգի սիրահարների համար է: «Երգ երգոց»-ի 13-ամյա ավանդույթները շարունակելով՝ Առաջինը հայ երգը հեռուստադիտողին կմատուցի նոր ձայներով:
Արտեմ Խաչատուր («Երգ երգոց. նոր ձայներ» նախագծի երաժշտական մասի ղեկավար) - Անկախ նրանից, որ մրցակիցներ են, մրցում են, մեզ համար սա ժողովրդական երգի տոն է, և կուզենայինք, որ միշտ շարունակական լիներ, և մեր ժողովուրդը անմասն չմնար:
500 մասնակցից ընտրվել է 80-ը, որոնք կմրցեն հաջորդ փուլ անցնելու և լավագույնի կոչման համար:
Արտեմ Խաչատուր - Նվագախումբը առաջին 8 համերգից հետո մեծանալու է, հիմա «Նարեկացի» նվագախմբին բաժանել ենք 4 մասի, փոքր կազմերով նվագում ենք: 9-րդ համերգից ամբողջական նվագախումբն է լինելու 30 հոգով, ժողովրդական երգի բոլոր ճյուղերին անդրադառնալու ենք:
Երիտասարդ երգիչների կատարումը, ձայնը, բեմական կեցվածքն ու պահվածքը խոշարացույցի տակ կպահի ժյուրին:
Սոֆի Դևոյան - («Երգ երգոց. նոր ձայներ» նախագծի ժյուրիի անդամ) - Հիմնականում այստեղ նրա համար եմ, որ գնահատեմ՝ ինչպես են քայլում, ինչպես են կանգնում, ինչպես են իրենց պահում բեմում, արդյոք ձեռքերի շարժումները ճի՞շտ են. հագուստը, ամեն ինչը նշանակություն ունի:
Ռուբեն Մաթևոսյան («Երգ երգոց. նոր ձայներ» նախագծի ժյուրիի անդամ) - Ինձ առաջին հերթին գրավում է, թե որքանով են կարողանում նոր խոսք ասել, որքանով են կարողանում զուսպ լինել և չաղճատել մեղեդին: Բոլոր կատարողներին շնորհակալ լինելով՝ կարող եմ մաղթել բարի երթ:
Խորեն Լևոնյան («Երգ երգոց. նոր ձայներ» նախագծի ժյուրիի անդամ) - Ինձ համար սա ոնց որ ծանոթություն լինի մարդկանց հետ. ինձ մոտ գրանցում եմ երգածը, քաղաքը, ուզում եմ տեսնել էդ մարդկանց, ովքեր սիրում են էդ երգերը, շատ լավ երգում են, և կուզեմ, որ գան, մեր հաղորդման մեջ ելույթ ունենան:
Նոր ձայները միասին կբացահայտենք ամեն կիրակի: Իսկ «Երգ երգոց» հաղորդումը եթերում կլինի ուրբաթ երեկոյան:
Գարունը Առաջինի եթեր է բերել սիրված մեդիադեմքերի: Շատերի վերադարձը հեռուստադիտողի համար սպասված է: Հատուկ ռեպորտաժներով, ոլորտային վերլուծությամբ շաբաթը մեկ եթերում կլինի Նվեր Մնացականյանը:
Նվեր Մնացականյան («Առաջին ռեպորտաժ» նախագծի հաղորդավար) - Նոր նախագիծ է մեկնարկում Հանրայինում, կոչվում է «Առաջին ռեպորտաժ»: Այս շաբաթ կլինի առաջին թողարկումը: Թեմատիկ ծրագիր է՝ նվիրված այս կամ այն ոլորտին, ավելի ճիշտ՝ խորացված վերլուծություն որևէ ոլորտի: Սկսում ենք շինարարությունից:
Մեր չտեսնված երկրով կշրջեն, նորովի կբացահայտեն ու զբոսաշրջիկներին Հայաստանի տարբեր վայրեր կուղղորդեն Դիանա Մալենկոն ու Նարեկ Բարսեղյանը:
Հայ կինոյի 100-ամյակը Հանրայինը իր եթերում կնշանավորի նոր հաղորդաշարով՝ «Կինոմարդիկ»:
Անթերի ու գրական հայերենով, մոտիվացնող պատմություններով, «հեփի էնդի» խոստումով, դրական ու կարևոր երևույթների մասին մտածել ու երազել կստիպի «Չորս երազանք» հեռուստանովելը:
Արթուր Սարիբեկյան («Չորս երազանք» հեռուստանովելի բեմադրող ռեժիսոր) - Պատմությունը գրելիս ուշադրություն ենք դարձրել դրամատուրգիային, որտեղ տեղի են ունենում մեր երկրի համար կարևոր իրադարձություններ: Փոքրիկ պերսոնաժներով փորձում ենք մեծ բաներից խոսել ու ապացուցել՝ ամենակարևորը գիտելիքն է, վերաբերմունքը մեր մշակույթին, ինքնաճանաչողությունն է:
Մեր համերկրացիների էթնո գույները նույնպես Առաջինի գարնանային եթերաշրջանում են: Ազգային փոքրամասնությունների, նրանց կենցաղի, ավանդույթների ու հայկական ապրելակերպի մասին՝ ամեն շաբաթ 19.40-ին իր և բոլորիս համար կբացահայտի Աննա Մանուչարյանը:
Աննա Մանուչարյան («Էթնո գույներ» նախագծի հաղորդավար) - Անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ չինացիներն այնքան շատ են, որ կարող ենք անդրադառնալ նույնիսկ իրենց: Ի դեպ՝ շատ լավ հայերեն խոսող չինացիներ ունենք:
Առանց փողկապի, սուր ու հետաքրքիր հարցերով անկաշկանդ զրույցի կկանչի Շուշան Ռաֆայելյանը՝ զրուցակիցներին բացահայտելով իրենց կերպարից դուրս: Հանրայինի տարբերվող, բազմաժանր, վառ, ուսուցողական, մրցակցային ու վերջապես գարնանային եթերաշրջանը մարտի 20-ից արդեն մեկնարկել է, հեռուստադիտողին մնում է՝ ուշադիր լինել՝ բաց չթողնելու կարևորն ու հետաքրքիրը: