Հայ դատի հանձնախմբի կրթական հարցերի կոմիտեն պատվեց հայ և ամերիկացի ուսուցիչների, որոնք ամերիկյան դպրոցներում դասավանդման իրենց ծրագրերում ներառել են Հայոց ցեղասպանության թեման։ Կոմիտեն արդեն ութ տարի է՝ ամերիկյան դպրոցների ուսուցիչներին աջակցում է թեմայի դասավանդման հարցում:
Ալիս Պետրոսյան (Հայ դատի հանձնախմբի կրթական հարցերի կոմիտեի նախագահ) - Մեր միակ հույսը, որ ուսուցիչները դաս տան մեր պատմությունը, երեխաները հասկանան՝ ինչ կարող ենք անել, որ բարելավենք հայոց պատմությունից սկսած իրենց ապագան։
Հայոց ցեղասպանության թեմայի իսպառ բացակայությունը ամերիկյան դպրոցի ծրագրում, նաև ուսուցիչների համար հասանելի աղբյուրների բացակայությունը խթան են հանդիսացել ստեղծելու հատուկ հանձնախումբ, որը կզբաղվի այդ գործով։ Այն ուսուցիչներին դասավանդման նյութեր ու ծրագիր է տալիս, նաև առաջարկում այցելել Հայաստան՝ մշակույթին ու պատմությանը տեղում ծանոթանալու համար։ Վերադառնալով` նրանք կազմում են ուսումնական ձեռնարկ՝ մյուս գործընկերներին փոխանցելու համար։ Ուսուցիչների առաջին խումբը Հայաստանում էր անցած ամռանը։
Արաքսյա Կարապետյան (Fox11 հեռուստաալիքի հաղորդավար) - Ես այստեղ՝ Ամերիկայում եմ դպրոց գնացել, և ոչ տարրական, ոչ ավագ դպրոցում կամ համալսարանում ինձ չեն դասավանդել Հայոց ցեղասպանության մասին։ Մինչդեռ մարդիկ բաց են նման գիտելիքի համար։ Եվ երախտապարտ են, որ իրենց աչքերը բացում ես, տալիս ես ճիշտ պատմությունը։
Հայոց ցեղասպանության դասավանդման կարևորության լավագույն օրինակներից մեկը Արաքսյայի գործընկերուհու՝ հեռուստալրագրող Քրիստինա Փասկուչիի օրինակն է։ Քսան տարի առաջ նրա իսպաներենի հայազգի ուսուցիչը ինչ-որ կերպ իսպաներենի ուսուցման ծրագրում ներառել էր Ցեղասպանության թեման։ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի օրերին, այդ պատմությունը Քրիստինային տարավ Հայաստան՝ ռեպորտաժի հետևից։
Քրիստինա Փասկուչի (Fox11 հեռուստաալիքի լրագրող) - Կարծում եմ՝ իմ այցը Հայաստան լավագույն օրինակն է, թե ինչ դեր են մանկավարժները խաղում մեր կյանքում։ Դոկտոր Գրիգորյանի պատմությունը ինձ հետ էր երկու տասնամյակ։ Ես Հայաստան գնացի այն պահին, երբ հայկական բնակավայրերը՝ Ջերմուկը, Սոթքը, տուժել էին ադրբեջանական ագրեսիայից։ Շատ հուզիչ էր տեսնել մարդկանց, որ ապրում են ռմբակոծված տներում, սակայն շարունակում են մնալ հյուրընկալ ու սրտաբաց։ Կարևոր է հիշել պատմությունը, քանի որ այսօրվա դեպքերի և Ցեղասպանության միջև կա պատճառահետևանքային կապ:
Քրիստինա Փասկուչին նույնպես մրցանակի արժանացավ ֆիլմի համար, որում ներկայացնում է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքների, իրենց հայրենի բնակավայրերից հարկադրաբար հեռացած մարդկանց պատմությունները։
Մրցանակ ստացավ նաև Կոլումբիայի համալսարանի դասախոս, դոկտոր Խաչիկ Մուրադյանը։ Իր խոսքում նա մեջբերեց Ցեղասպանությունից փրկվածների ինքնակազմակերպման մասին պատմող «Դիմադրության ցանց» կոչվող իր գրքի գլխավոր եզրահանգումներից մեկը։
Խաչիկ Մուրադյան (Կոլումբիայի համալսարանի դասախոս, դոկտոր) - Հայոց ցեղասպանության մասին իմանալը կարևոր է մեզ համար նաև իբրև հայերի: Մտածել ու գիտակցել, որ ասկե հարյուր տարի առաջ մեր նախահայրերը շատ ավելի դժվար օրերի մեջեն անցած են, մեզի կտա ադ ուժը, որ եթե իրենք կարողացան այդ մեկն անել հարյուր տարի առաջ, մենք անպայման դա կարող ենք անել այսօր։
Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ստեփան Աստուրյանը նույնպես մրցանակ ստացավ։ Նրա խոսքով՝ կարևոր է օտարազգի ուսանողներին պատմել Հայոց ցեղասպանության, ինչպես նաև դրա և ներկայիս զարգացումների ուղիղ կապի մասին։
Ստեփան Աստուրյան (Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, պրոֆեսոր) - Պայքարը մի քանի բաղադրիչ ունի՝ ակադեմիական հետազոտությունը, դաստիարակությունը, գիտությունը տարածել և քարոզչություն, կառավարության ներկայացուցիչների հետ աշխատանք։
Կրթության հանձնախումբը նախատեսում է ընդլայնել ամերիկյան դպրոցում Հայոց պատմության դասավանդման ծրագիրը։ Այն կներառի նաև վերջին շրջանի զարգացումները:
Ալիս Պետրոսյան - Բաքվի փախստականների պատմություններն ենք սկսում թեյփ անել, որ եթե մյուս անգամ մեկը ուզենա ասել` Ադրբեջանն էդպիսի սխալ չի արել, մենք փաստեր կունենանք, և մենք այդ փաստերով ուզում ենք դաս տալ ամերիկյան դպրոցներում:
Կրթական հարցերի կոմիտեի ջանքերով Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Կալիֆոռնիայի հանրային դպրոցների մոտ քառասուն տոկոսի ուսումնական ծրագրերում։ Թեման դասավանդվում է նաև Կոլորադոյի և Թեքսասի որոշ դպրոցներում։ Ծրագիրը կընդլայնեն, եթե ավելանան միջոցներն ու գործի նվիրյալները։