Ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությունն ավելի քան 80 միլիարդ դրամի վնաս է կրել, տուժել են տնտեսության գրեթե բոլոր ոլորտները:
Ապրանքների և հումքի սղության պատճառով վնասները մեծ են նաև մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում, տեղական արտադրությունը գրեթե դադարեցված է:
Անդրեյ Գասպարյան (Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մոտ 755 տնտեսվարող սուբյեկտ՝ ընդհանուր թվի 17,7 տոկոսը, շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը: Նախնական տվյալներով՝ աշխատանք կորցրած անձանց թիվը հատում է 8 հազարը: Հիմնականում դրանք ընդգրկել են հանքարդյունաբերության, առևտրի, հանրային սննդի կազմակերպման, արտադրության, շինարարության և այլ ոլորտներ:
Լաչինի միջանցքի արգելափակումը բացասաբար է ազդել Արցախի գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, էներգետիկայի և կապի ոլորտների վրա: Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր դեպի Արցախ 11 անգամ քիչ կենսական նշանակության ապրանք է տեղափոխվել:
Անդրեյ Գասպարյան - Ինչպիսիք են հացահատիկը, ալյուրը, առաջին անհրաժեշտության սննդամթերքը, միրգը, բանջարեղենը և այլ տնտեսական ապրանքները` շրջափակման հետևանքով չեն մատակարարվել Արցախի Հանրապետություն: Միայն ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ-ի օգնությամբ է հնարավոր եղել մատակարարել դրա միայն չնչին մասը՝ մոտ 7 հազար տոննա, գերակշիռը` դեղորայք և սնունդ:
Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով Արցախի կառավարությունն իրականացրել է 3 ծրագիր, երկուսը սոցիալական բնույթի, մեկը՝ տնտեսական: Գործադիրն ընդհանուր 687 միլիոն դրամ է հատկացրել շրջափակման ընթացքում աշխատողներին չկրճատած տնտեսվարողներին: Խոսքը 4629 վարձու աշխատողի մասին է:
Արմինե Մուսայելյան (Արցախի պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ) - Նպատակաուղղված է տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտներին աջակցել, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս ապահովել աշխատողների աշխատատեղերը և վճարեն նրանց աշխատավարձերն ու այլ հավասարեցված եկամուտները:
ԱՐՑԱԽԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԾՐԱԳԻՐԸ
Այժմ մեկնարկել է աջակցության 4-րդ ծրագիրը: Նախատեսվում է շրջափակումից տուժած ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին յուրաքանչյուր աշխատողի հաշվով միանվագ՝ մինչև 136 հազարական դրամի չափով դրամաշնորհ տալ, եթե նրանք չեն կրճատել աշխատողներին: Արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի ու ֆիզիկական անձանց համար նախատեսված է 68-հազարական դրամ աջակցություն:
Արմինե Մուսայելյան - Դրամաշնորհը տրամադրվելու է տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող այն սուբյեկտներին, որոնք փետրվար ամսին շարունակել են պահպանել աշխատողների աշխատատեղերն ու նրանց վճարել աշխատավարձեր և դրան հավասարեցված եկամուտներ, կամ հունվար ամսվա համեմատ առավելագույն շեղումը կազմել է 7,5 տոկոսային կետ:
Պետական աջակցության ծրագրից չեն օգտվի այն տնտեսվարողները, որոնք խախտել են կառավարության որոշումներով սահմանված ապրանքաշրջանառության հատուկ կարգերը, այսինքն՝ ապրանքատեսակներն իրացրել են սահմանվածից բարձր գնով: