Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» հրամանագիրը։ Այն սահմանում է երկրի միջազգային գործունեության առաջնահերթ ոլորտները, նպատակներն ու խնդիրները։ Փաստաթղթում նշվում է, որ Արևմուտքի ոչ բարեկամական գործողությունների ֆոնին Ռուսաստանը կշարունակի զարգանալ և կպաշտպանի իր իրավունքները «բոլոր հասանելի միջոցներով»:
Ըստ հայեցակարգի՝ ԱՄՆ-ը սպառնալիքների հիմնական աղբյուրն է թե՛ Մոսկվայի, թե՛ ողջ աշխարհի համար.
«Ռուսաստանը մտադիր է վերացնել Վաշինգտոնի և նրա դաշնակիցների «գերակայության հիմքերը», իսկ արևմտյան երկրների հետ գործակցության փոխարեն Մոսկվան այժմ շահագրգռված է միայն խաղաղ համակեցությամբ։ Ռուսաստանը նաև մտադիր է թույլ չտալ, որ միջուկային պատերազմ սկսվի»։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ռուսաստանն այլ պետությունների հետ իր հարաբերությունները կկառուցի՝ հաշվի առնելով Մոսկվայի նկատմամբ նրանց վարած քաղաքականությունը և պատրաստ է օգտագործել երկրի զինված ուժերը ինչպես իր կամ իր դաշնակիցների դեմ ագրեսիայից պաշտպանվելու, այնպես էլ այն կանխելու համար։
Ռուսաստանը նաև պատրաստ է օգնություն տրամադրել իր դաշնակիցներին և գործընկերներին՝ անկախ նրանց միջազգային ճանաչումից, զարգացնել ռազմական գործակցությունը դաշնակիցների հետ՝ ամրապնդելու տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև կանխել Ռուսաստանի և գործընկերների հարաբերություններին միջամտելու՝ ոչ բարեկամ երկրների փորձերը:
ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ն ԱՆՄԱՔՍ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՇԵՄԸ ԿԿԱԶՄԻ 1000 ԵՎՐՈ
ԵԱՏՄ անդամ պետություններում արտադրված ինքնագնաց մեքենաները և տրանսպորտային տեխնիկայի այլ տեսակներն ապրիլի 1-ից Ռուսաստանում կգրանցվեն միայն էլեկտրոնային անձնագրերի առկայության դեպքում՝ թղթայինի փոխարեն: ԵԱՏՄ երկրներից ներկրողներն ու արտադրողները էլեկտրոնային անձնագիր պետք է ձևակերպեն ինքնուրույն։
Մեկ այլ կարգավորմամբ՝ ԵԱՏՄ երկրներում ֆիզիկական անձանց կողմից ապրանքների անմաքս ներմուծման բարձր շեմի գործողությունը երկարաձգվել է ևս կես տարով, հայտնել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։ Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմը կկազմի 1000 եվրո և 31 կգ այն ապրանքների համար, որոնք տեղափոխվում են փոխադրողի կողմից կամ փոստային առաքանիներով, ներմուծվում են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով, բացառությամբ՝ օդային տրանսպորտի և հետիոտն տեղաշարժվողների:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ
Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ երեկ հնչեցրած առաջարկին՝ Ուկրաինայում զինադադար հայտարարել՝ առանց զորքերի և տեխնիկայի վերախմբավորման իրավունքի, և վերսկսել բանակցությունները: Ուկրաինայի նախագահը նշել է, որ բանակցություններ հնարավոր կլինեն միայն, երբ ռուսական զորքերը դուրս բերվեն երկրի տարածքից:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակի կարծիքով՝ «ցանկացած զինադադար կնշանակի, որ Ռուսաստանը մնում է օկուպացված տարածքներում։ Դա անընդունելի է»:
ՀՌՈՄԻ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԸ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը վիրուսային բրոնխիտի պատճառով հոսպիտալացվել էր, դուրս է գրվել հիվանդանոցից, տեղեկացնում է Սուրբ աթոռը: Նա հիվանդանոցում անցկացրել է երեք օր։ Նշվում է, որ հետազոտությունների արդյունքում լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերել:
Հիվանդանոցի մոտ Ֆրանցիսկոս պապը ողջունել է հավաքվածներին, լրագրողների հարցին՝ ինչպես է իրեն զգում՝ պոնտիֆիկոսը պատասխանել է՝ «դեռ ողջ եմ»:
Միացյալ Նահանգների Արկանզաս, Իլինոյս և Ինդիանա նահանգներում պտտահողմերի հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ մնացել են առանց էլեկտրականության։ Ավերվել են բնակելի տներ, խանութներ և այլ շինություններ, գրանցվել են ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Արկանզասում արտակարգ դրություն է հայտարարվել։