Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխման հերթական դեպքը։
Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացու վարքագիծը մաքսային ծառայողների մոտ կասկածի տեղիք է տվել: Մեղրիի մաքսային կետ-բաժնի ծառայողների կողմից նշված քաղաքացու ուղեբեռի նկատմամբ իրականացված մանրակրկիտ հսկողության արդյունքում պարզվել է, որ ճամպրուկում ի թիվս այլ ապրանքների՝ առկա է 3 հատ խոնավ սրբիչ, ինչն էլ ավելի է խորացրել կասկածները։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված հետագա հսկողության արդյունքում պարզվել է, որ հիշյալ սրբիչները ներծծված են մեթադոն տեսակի թմրանյութով։
Հարկ է նշել, որ այս եղանակով թմրամիջոցների տեղափոխումը զգալիորեն բարդացնում է մաքսային մարմինների կողմից դրանց հայտնաբերումը: Տեքստիլ արտադրանքի մեջ ներծծված թմրամիջոցները մաքսանենգների կողմից հիմնականում փոխադրվում են ճամպրուկներով, ուր առկա են լինում նաև բազմաթիվ անձնական օգտագործման իրեր և հագուստ։
Հայտնաբերված դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Մաքսային հսկողությունից թաքցման եղանակով ՀՀ պետական սահմանով ապօրինի եղանակով թմրանյութ տեղափոխած ԻԻՀ քաղաքացի Մ․Զ․-ն ձերբակալվել է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: