Ապրիլի 1-ից Ռուսաստանը մեկ ամսով կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, գրում է BBC-ն և նշում, որ խաղաղ ժամանակ դա կլիներ դիվանագետների աննշան և ծրագրված ռոտացիա։ Մինչդեռ Ուկրաինայում սկսած պատերազմի ժամանակ իրավիճակն այլ տեսք ունի:
«Ուկրաինայում ռուսական պատերազմի սկզբից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարբերաբար քննարկում է դրա հետ կապված հարցեր։ Եվ հիմա Ռուսաստանը դառնում է դրա նախագահը, գրում է լրատվականը։
Անվտանգության խորհուրդը նախագահող երկիրը փոխվում է ամեն ամիս։ Մարտին Մոզամբիկն էր, մայիսին Ռուսաստանին կփոխարինի Շվեյցարիան։ Ռոտացիան արվում է Անվտանգության խորհրդի անդամ երկրների կազմից՝ այբբենական կարգով և դրանում քաղաքական բաղադրիչ չկա։
Նախագահող երկիրը մեծ լիազորություններ չունի։ Նրա ներկայացուցիչը հրավիրում, բացում և անցկացնում է ժողովներ, ստորագրում ընդունված փաստաթղթերը։ Անվտանգության խորհուրդը գլխավորող երկրի դիվանագետները մեկ ամսով վերահսկում են խորհրդի մշտական հանձնաժողովները։ Մյուս հանձնաժողովների և աշխատանքային խմբերի ղեկավարությունը փոփոխվում է այլ կերպ և ավելի հազվադեպ։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք մտահոգված են ապրիլին Անվտանգության խորհրդում Ռուսաստանի առաջիկա նախագահությամբ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կօգտագործի իր բոլոր իրավունքները՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, միաժամանակ մնալով այդ կազմակերպության պատասխանատու անդամ։