Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կընդլայնվեն: Օրենքի փոփոխության նախագիծն արդեն շրջանառվում է, առաջիկայում կմտնի գործադիրի օրակարգ: Վերանայման նպատակը, ըստ ծառայության ղեկավարի, կառույցի աշխատանքի արդյունավետության բարձրացումն ու իրավական դաշտում առաջացող խոչընդոտները վերացնելն է:
Որպես ամենակարևոր փոփոխություն Պետրոսյանն առանձնացնում է ֆինանսաբյուջետային վերահսկողության իրականացումը, գործառույթն ամբողջությամբ ֆիննախից փոխանցվելու է ՊՎԾ-ին:
Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար) - Մենք իրականացնելու ենք այդ լիազորությունը, իրացնելու ենք այդ լիազորությունը արդեն տարեկան բյուջեի հիման վրա կազմված կոնկրետ ծրագրի համաձայն, այսինքն՝ յուրաքանչյուր տարվա պետբյուջեի ֆինանսաբյուջետային վերահսկողությունն իրականացվելու է ծրագրով, որը հաստատում է վարչապետը: Մինչ այս մեր մյուս լիազորությունները մենք ծրագրային չենք իրականացրել, դա եղել է ռիսկերի վերհանման արդյունքում, վարչապետի հայեցողությամբ՝ կոնկրետ ռիսկեր տեսնելու կոնկրետ ուղղություններով կամ, ինչպես ասացի՝ մեր նախաձեռնությամբ՝ վարչապետի համաձայնությամբ:
Նախագիծը մշակելիս հաշվի են առել ծառայության աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրները: Պետրոսյանն ասում է՝ հաճախ է լինում՝ ուսումնասիրությունը պահանջում է տիրապետել բժշկական գաղտնիքի, անձնական տվյալների, ու հակառակ կողմը, հղում անելով օրենքին, հրաժարվում է տրամադրել տվյալները:
Նոր փոփոխությամբ՝ խնդիրը կլուծվի, իրավահարաբերությունները կհստակեցվեն: Հստակ կլինեն նաև ՊՎԾ-ի պահանջով ներկայանալն ու պարզաբանում ներկայացնելը, քննարկման մասնակցելը: Հրավերի դեպքում պաշտոնատար անձն այլևս չի կարող խուսափել բացատրություն տալուց:
Ռոմանոս Պետրոսյան - Հիմա էդպես է՝ փոխգործակցության, երկուստեք փոխադարձ հարգանքի, համագործակցության պատրաստակամության նորմով է դա իրականացվում, բայց օրենքը այդ մասին ոչինչ չի նախատեսում: Մեր օրենքը, նոր օրենքով իրավահարաբերություններն ավելի կանոնակարգվում ու հստակ սահմանվում են, հրաժարվելը կբերի որոշակի հետևանքների:
Վարչական պատասխանատվություն կնախատեսվի ՊՎԾ աշխատանքին խոչընդոտելու համար: Պետրոսյանն ընդգծում է՝ կսահմանվեն նաև ուսումնասիրությունը կասեցնելու կամ դադարեցնելու հիմքեր: Ըստ նրա՝ այս փոփոխությունները դրական կանդրադառնան ծառայության աշխատանքի վրա, կմեծանա նաև աշխատակազմը:
Ռոմանոս Պետրոսյան - Արդյունավետությունը միանշանակորեն կբարձրացնի, բայց նաև նոր լիազորությունների վերապահումով մեզ ևս մի քանի տասնյակ նոր հաստիքներ կբացվեն ՊՎԾ-ում: Այս պահին ՊՎԾ-ն ունի շուրջ 135 աշխատակից հաստիքացուցակով, մոտ 50 նոր հաստիքներ են նախատեսվում:
Պետրոսյանը հույս ունի՝ նոր, ավելի լայն լիազորություններով օրենքը ծառայության համար կգործի արդեն աշնանից:
Նախատեսում են հարցը օրենսդիր հասցնել սեպտեմբերյան նստաշրջանին: