Աշխատանքային նոր հասցեից է Արմեն Ղազարյանն արդեն ավելի քան մեկ ամիս ղեկավարում Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ համակարգելով Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գործառույթները: Կառուցվածքային փոփոխությունից հետո այժմ ընթանում են նորաստեղծ կառույցի ենթաօրենսդրական բազայի ձևավորման ու ընթացակարգերի մշակման աշխատանքները:
Արմեն Ղազարյան (ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ) - Անցումը պետք է տեղի ունենա այնպիսի ճանապարհով, որ քաղաքացին իր վրա չզգա մեծ ցնցումներ, նկատի ունեմ՝ չլինի ծառայությունների մատուցման ընդհատում գեթ մեկ րոպե:
Փոփոխությունները կլինեն փուլային՝ հավաստիացնում է ծառայության պետը և հավելում, որ, բացի իրավական բազային փոփոխությունից, կիրականացվի ֆունկցիոնալ գնահատում: Ավելի քան 500 հոգանոց աշխատակազմը նաև կվերապատրաստվի: Արդեն հաստատվել է վերապատրաստման կարգը:
Արմեն Ղազարյան - Նոր կառուցվածքի տրամաբանության մեջ պետք է լինի ֆունկցիոնալ աուդիտը, այսինքն՝ կան գործառույթներ, որոնք Միգրացիոն ծառայությունում, Անձնագրային և վիզաների վարչությունում, օրինակ՝ կրկնվում էին, մենք նման գործառույթները պետք է վերացնենք: Կան գործառույթներ, որ նման էին և կարող էին ինտեգրվել մեկը մյուսին: Պետք է տեղի ունենա աշխատակիցների որակական մակարդակի բարձրացում, որի հիմքով էլ կլինեն վերանշանակումները ծառայության նոր կառուցվածքի հաստատումից հետո:
Վերապատրաստման գործընթացը կմեկնարկի ապրիլի վերջին: Նախ կանցկացվեն նեղ մասնագիտական թեմաներով երկշաբաթյա դասընթացներ, ինչին կհաջորդի թեստավորումը:
Նելլի Դավթյան (ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Վերապատրաստման գործընթացը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, Միգրացիայի միջազգային կազմակերպության համակարգմամբ, հայտարարվել են համապատասխան մրցույթները, փորձել ենք համագործակցությունը ապահովել ոլորտի լավագույն մասնագետների հետ: Այդ իմաստով «Գրանդ Թորնթոն» միջազգային կազմակերպությունն է, որ մշակում է սպասարկման և հաղորդակցության հմտությունների բաղադրիչը:
Թեստավորման և հարցազրույցի փուլերը հաջողությամբ անցած աշխատակիցները կնշանակվեն համապատասխան պաշտոններում: Վերապատրաստման գործընթացը կտևի տասը ամիս: Կփորձեն այնպես կազմակերպել գործընթացը, որ որևէ մասնաճյուղի աշխատանք չտուժի: Խնդիր է դրվել՝ նախ կայացնել միգրացիոն կառավարման համակարգը և երկրորդ՝ բարձրացնել քաղաքացուն մատուցվող ծառայությունների որակը: Կարևորում են աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման գործընթացի թվայնացումը:
Արմեն Ղազարյան - Փորձելու ենք բոլոր տեսակի կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը՝ թվային՝ դիմումից մինչև ավարտ, վարչական մարմնի հետ շփվի մեկ անգամ, բայց ստանա որակյալ ծառայություն:
Փետրվարի 15-ից նույնականացման քարտերը տրամադրվում են առանց էլեկտրոնային կրիչի, քանի որ նախկին համակարգը հնացել է, և այդ կրիչները չեն արտադրվում։ Էլեկտրոնային ստորագրության համար անձը պետք է մոտենա բջջային իր օպերատորին՝ փոխի հեռախոսի քարտը և, mobile id-ի կիրառմամբ, ապահովի թվային ստորագրություն:
2024-ից նախատեսվող կենսաչափական համակարգի ներդրմամբ նույնականացման քարտերի մասով կարգը կփոխվի: Անձնագրային բաժիններում հերթերի կառավարման նպատակով կներդրվի էլեկտրոնային հերթագրման համակարգ, որն արդեն գործում է Դավթաշենի 4-րդ թաղամասում տեղակայված ծառայության շենքում:
Նելլի Դավթյան - Աշխատանքային ռեսուրսները՝ մարդկային ռեսուրսի տեսակետից, բավարար չեն եղել անցյալ տարի նման հոսք սպասարկելու համար: Աննախադեպ ծավալի դիմումներ են ընդունվել: 2021-ին՝ 8000, 2022-ին՝ 25 հազարի կողմից:
Խնդրի հիմնական լուծումը թվայնացումն է, որն ինստիտուցիոնալ փոփոխություններից հետո ծառայությունների որակի բարելավման առաջին թիրախային ուղղությունն է: