Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին Իսրայելի արտգործնախարարի հայտարարությանը:
«Սա Ադրբեջանի տարածքն Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիքի վերածելու՝ Իսրայելի չարամիտ մտադրությունների հերթական ապացույցն է: Ակնհայտ է, որ Թեհրանը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի տարածքից իր դեմ ուղղված դավադրության նկատմամբ»,- ասել է Քանանին:
Նա նշել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարություններն այդ երկրների «ռազմավարական գործընկերության նոր փուլի» վերաբերյալ անուղղակի հաստատում են նրանց գործակցության հակաիրանական ուղղվածությունը: Քանանիի խոսքով՝ իրանական կողմն Ադրբեջանի իշխանություններից բացատրություն է պահանջել:
ՊԵՍԿՈՎՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ԵՄ երկրները մոտ են Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու հարցի քննարկմանը՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հավելել, որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ ուղիղ բախման։ Նա նաև կարծիք է հայտնել, որ համաշխարհային պատերազմի սպառնալիքը միանգամայն իրական է, քանի որ Արևմուտքը հզոր սպառազինություն է ուղարկում Ուկրաինա: Օրբանը պնդել է՝ Հունգարիան դեմ է կարմիր գծերը հատելու այս քաղաքականությանը:
Օրբանի հայտարարությանն արձագանքել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է՝ եթե Ուկրաինա «խաղաղապահ զորքեր» ուղարկելու մասին խոսակցություններն իսկապես լուրջ են, ապա հետագա զարգացումները չափազանց վտանգավոր կարող են լինել։
Երեկ Հունգարիայում Ռուսաստանի դեսպան Եվգենի Ստանիսլավովը հայտարարել է, որ Հունգարիան դասվել է Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների շարքին: Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ Բուդապեշտը միացել է հակառուսական պատժամիջոցներին:
ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԼԻՆԵԼ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի խորհրդարանին և ժողովրդին ուղղված ելույթում հայտարարել է, որ հանրապետությունում սկսվել են 2024 թվականի նախընտրական քարոզարշավի նախապատրաստական աշխատանքները։ Նա հավատացրել է՝ չի պատրաստվում ամբողջ կյանքում նախագահ լինել, իր երեխաներն էլ նախագահ չեն դառնալու: Լուկաշենկոյի խոսքով՝ երկրի ղեկավարին պետք է ընտրի ժողովուրդը:
Բելառուսի նախագահը նաև տեղեկացրել է, որ աշխարհաքաղաքական զարգացումները և Արևմուտքից երկրին իբր սպառնացող վտանգը ստիպել են Մինսկին ակտիվացնել բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ՝ Բելառուս վերադարձնելու այն միջուկային զենքը, որը 90-ականներին դուրս է բերվել հանրապետության տարածքից:
«Երրորդ համաշխարհային պատերազմը հորիզոնում է՝ միջուկային տարրերով, դրանից հնարավոր է խուսափել միայն բանակցությունների միջոցով», - ասել է Լուկաշենկոն։
Նա նաև առաջարկել է Ուկրաինայում զինադադար հայտարարել՝ առանց զորքերի և տեխնիկայի վերախմբավորման իրավունքի և վերսկսել բանակցությունները:
«Անհնար է հաղթել միջուկային տերությանը, եթե Ռուսաստանի ղեկավարությունը հասկանա, որ երկրի առաջ փլուզման վտանգ է ծառացել, ամենասարսափելի զենքերը կկիրառի: Դա չի կարելի թույլ տալ»,- շեշտել է Լուկաշենկոն։
Կրեմլը լսել է Բելառուսի նախագահի հայտարարությունները, դրանք կքննարկվեն հաջորդ շաբաթ՝ Պուտին-Լուկաշենկո հանդիպման ժամանակ՝ տեղեկացրել է Դմիտրի Պեսկովը:
«Այնուհանդերձ, Ուկրաինայի մասով Ռուսաստանի համար ոչինչ չի փոխվում, հատուկ գործողությունը շարունակվում է, այսօր դա միակ միջոցն է մեր երկրի նպատակներին հասնելու համար», - նշել է Կրեմլի խոսնակը:
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ
Կալիֆոռնիայի որոշ բնակավայրերում մի քանի տարվա երաշտից հետո հորդառատ անձրևներ են: Մի շարք խոշոր մայրուղիներ անցել են ջրի տակ: Հեղեղումների պատճառով իշխանությունները տասնյակ շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել։ Ափամերձ տարածքների բնակիչները տարհանվում են: Շուրջ 350 հազար ամերիկացի մնացել է առանց էլեկտրականության, մեծապես տուժել է գյուղատնտեսական ոլորտը։ ԶԼՄ-ները հայտնում են, որ օդանավակայանների աշխատանքը պարբերաբար խափանվում է: