Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարությունը տեղի հայկական կազմակերպությունների հետ հումանիտար օգնություն կուղարկի Արցախ, Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում հայտարարեց շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն՝ Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ հանդիպումից հետո:
Լորան Վոքիե (Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ) -
Շարասյունը կմոտենա Լաչինի միջանցքին, և կպահանջենք, որ այն հասնի Արցախ: Կամ շարասյունը կանցնի, ու այդ ժամանակ մենք հույսի մի փոքրիկ դուռ բացած կլինենք, կամ շարասյունը չի կարողանա անցնել, ու դա մեզ առիթ կտա միջազգային և եվրոպական կազմակերպությունների առաջ ներկայացնել այս հարցը, որ ևս մեկ անգամ միջազգային իրավունքը խախտվում է, և որ պետք է գործողությունների դիմել:
Լորան Վոքիեն հիշեցրեց՝ երկու օր առաջ Լաչինի միջանցքի սկզբնամասում էր, որտեղ անձամբ ծանոթացավ իրավիճակին, ընգծեց՝ այնտեղ այցից ժամեր անց ադրբեջանական զինված ուժերը վերահսկողության տակ վերցրեցին նոր տարածքներ:
Լորան Վոքիե - Ես Սյունիքի մարզպետի կողքին էի, երբ նա տեղեկացավ, որ հենց այնտեղ, որտեղ մենք գտնվում էինք մեկ օր առաջ, առաջխաղացում է եղել: Ես տեսել եմ ադրբեջանական դրոշները, որոնք ծածանվում են հայկական տարածքներում գտնվող բարձունքներին: Ես կարող եմ վկայել միջազգային իրավունքի խախտման մասին:
Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի և միջազգային հանրության պարտավորությունն է համապատասխան արձագանքել իրավիճակին, նշեց Լորան Վոքիեն: Ֆրանսիացի պաշտոնյան անհասկանալի որակեց Եվրոպայի՝ ադրբեջանական գազից չհրաժարվելու որոշումը:
Լորան Վոքիե - Ինչո՞ւ չկան պատժամիջոցներ Ալիևի ռեժիմի դեմ: Այդ հարցերը ես ձեզ հետ միասին բարձրաձայնում եմ, և դրանք ինձ նույնպես վրդովեցնում են:
Լորան Վոքիեն ընդգծեց՝ իր շրջանն Արցախի կողքին է 2019-ից, երբ գործակցության համաձայնագիր կնքվեց: Օրեր առաջ նման համաձայնագիր կնքվեց նաև Սյունիքի հետ:
Լորան Վոքիե - Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է: Ով հարձակվի Սյունիքի վրա, հարձակվում է իմ շրջանի վրա: Մենք քաղաքական դիրքորոշում ունեինք՝ հաստատելու Արցախի անկախության իրավունքը, ինչի հետևանքով, ի դեպ, իմ և, նույնիսկ, իմ ընտանիքի դեմ պանթուրքական, ահաբեկչական կազմակերպությունները լուրջ ճնշումներ գործադրեցին:
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը՝ դժվար պահին Արցախի ժողովրդի կողքին լինելու համար:
Սերգեյ Ղազարյան (Արցախի արտաքին գործերի նախարար) - Վստահ եմ, որ գործակցությունն Արցախի հետ ավելի է խորանալու, և Աստծո օգնությամբ, ընդհանուր պայքարի արդյունքում, մենք հնարավորություն կունենանք պարոն նախագահին հյուրընկալել Արցախում:
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը փակ հանդիպում ունեցավ նաև 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների հետ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան