Ամերիկյան բանկերի սնանկացումն ու հնարավոր ճգնաժամը երկարաժամկետ հեռանկարում կարող են որոշ ազդեցություն ունենալ նաև Հայաստանի վրա, թեև այս պահին մեր ֆինանսական համակարգը կայուն է, նշում են փորձագետները:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում պարտատոմսերի թողարկող ա հանդիսանում, ունի ներկայումս շրջանառության մեջ գտնվող պարտատոմսեր, դրանցից 2025 թվականի մարվող պարտատոմսի մարման ժամկետը մոտենում ա, այսինքն՝ առաջիկա հորիզոնում համաշխարհային ֆինանսական շուկայում անկայունությունը առաջին հենց այս էս ուղիով ա փոխանցվում: Բայց, ընդհանուր առմամբ, մենք նաև գիտենք, որ համաշխարհային տնտեսությունում անկայունությունը և համաշխարհային ֆինանսական շուկայում անկայունությունը հասնում ա աշխարհի բոլոր անկյուններ, և էդ առումով նաև մենք բացառություն չենք:
Վերջին օրերին սնանկացավ ԱՄՆ-ի մեծությամբ 16-րդ բանկը՝ «Սիլիքոն Վելին» (Silicon Valley), այնուհետև «Սի՛գնիչը բենքը» (Si'gnature Bank), լուծարվեց նաև «Սիլվըգեյթ քեփիթըլը» (Silvergate Capital)։ Այս ֆոնին ԱՄՆ-ում սկսվեց չապահովագրված ավանդների զանգվածային դուրսհանում, չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որ փակված բանկերում ավանդ ունեցողները կարող են հանգիստ լինել, «նրանք պաշտպանված են»: Ավանդների արտահոսքից էական տուժեց ամերիկյան իր չափով 14-րդ բանկը՝ «Ֆըրսթ րիփաբլիքը» (First Republic): Որպես աջակցություն՝ ԱՄՆ 11 խոշորագույն բանկերը First Republic-ում ընդհանուր 30 միլիարդ դոլարի չապահովագրված ավանդ ներդնելու պատրաստակամություն հայտնեցին: Փորձագետները նշում են՝ բանկային խնդիրների հիմքում դաշնային պահուստային համակարգի կողմից գնաճը զսպելու համար տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությունն է:
Նարեկ Կարապետյան - Սա, բնականաբար, ֆինանսական համակարգի համար ազդեցություններ ունի, որովհետև ֆինանսական ինստիտուտները, որոնք, ըստ էության, օրինակ՝ ընդունել էին ավանդներ ցածր տոկոսադրույքներով, ներկայումս պետք է վերանայեն իրենց ավանդային պորտֆելը, որպեսզի կարողանան շուկայական տոկոսադրույքներին համահունչ քայլել:
Թեև միջազգային մամուլը հաճախ համեմատում է այս իրավիճակը 2008-ի ճգնաժամի հետ, փորձագետների գնահատմամբ՝ այժմ ռիսկերն ավելի կանխատեսելի ու կառավարելի են:
Նարեկ Զաքարյան (ֆինանսիստ) - Երբ նայում ենք ԱՄՆ-ում հակադարձ ռեպո գործարքները, որը էն գումարն ա, որը ամեն օր բանկերը ավանդ են դնում ԿԲ-ներում, էդ ընդհանուր գումարը 2 տրլն է, 2 տրլն ավելորդ փող ունեն էս պահին ամերիկյան բանկերը, որը չեն օգտագործում իրենց ամենօրյա գործընթացներում, այսինքն՝ դրա կարիքը չունեն, մի կողմ դրված գումար է: Բնականաբար, էս բուֆերը շատ լուրջ զսպում է հնարավոր ճգնաժամի հավանականությունը:
Ապահով բանկային համակարգի համբավ ունեցող Շվեյցարիայում ամենախոշոր բանկերից մեկը՝ 1856 թվականին ստեղծված «Քրեդիթ Սուիսը» (Credit Suisse) խնդիրների պատճառով միաձուլվել է UBS բանկին:
Նարեկ Զաքարյան - Սա, բնականաբար, խուճապ է առաջացնում հենց բանկային համակարգում:
Զաքարյանն ասում է՝ ներդրողները կսկսեն փողը շրջանառել այլընտրանքային ակտիվներում: Համաշխարհային շուկայում արդեն թանկացել է ոսկին, բարձրացել են նաև կրիպտոարժույթների գները: Ճգնաժամն արդեն նկատելի էր 2021-ին, երբ համավարակից հետո էական աճեց սպառումն ու հանգեցրեց գնաճի: 2022-ին իրավիճակն ավելի բարդացավ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով: Հետևաբար, թե երբ համաշխարհային տնտեսությունը կհաղթահարի դժվար ժամանակները, կախված է ոչ միայն ֆինանսավարկային մարտավարությունից, այլև քաղաքական իրադրությունից:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան