Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա պատշաճ կոմունալ ենթակառուցվածքներ և բարեկարգ միջավայր: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ տեղեկացնելով, որ հանդիպել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների հետ:
«Նուբարաշենցիների հետ հանդիպումն անցավ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում: Այստեղ հատկապես զգացվում է համայնքի ուշադրության կարիքը բնակիչների և նրանց խնդիրների նկատմամբ:
Այլ վարչական շրջանների նման Նուբարաշենում էլ կան տրանսպորտի, բակային տարածքների բարեկարգման և նաև շինությունների օրինականացման հարցեր, քանի որ վարչական շրջանի բնակիչների մեծ մասն ապրում է առանձնատներում:
Սակայն Նուբարաշենն ունի նաև երկու կարևոր խնդիր, որոնց լուծումն արդեն ընթացքում է.
վարչական շրջանի կոյուղատար համակարգի խնդիրը տասնամյակներով անուշադրության էր մատնված: Այս տարի համայնքն ամբողջության կվերականգնի կոյուղու համակարգը՝ իսպառ փակելով այս առաջնային խնդիրը:
Մեկ այլ կարևոր հարց Նուբարաշենի հարևանությամբ գտնվող աղբավայրն է: Այսօր գործող աղբավայրը նախատեսել ենք կոնսերվացնել և կառուցել ժամանակակից աղբավայր, որտեղ հոսքաջրերի արտահոսքը կբացառվի, իսկ արտանետված գազերի օգնությամբ էներգիա կարտադրվի»,- գրել է Ավինյանը: