Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տեղեկություն էին ստացել այն մասին, որ հիմնարկի տարբեր տեղամասերի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալները, միջանցքում սանիտարահիգիենիկ աշխատանքներ իրականացնելիս, միմյանց փոխանցելու են արգելված իր:
Տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով մարտի 29-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտու ընդհանուր միջանցքում խուզարկության են ենթարկել դատապարտյալ Հ. Գ.-ին և նրա մոտ առկա գոգաթիակից հայտնաբերել են կասկածելի փաթեթ, որում եղել է ևս 2 փաթեթ, որոնց վրայի ծածկագրերով ենթադրաբար մատնանշվել են այն դատապարտյալները, ում պետք է փոխանցվեին փաթեթները:
Հայտնաբերված փաթեթների մեջ առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0.46 գրամ քաշով, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0.44 գրամ քաշով և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,66 գրամ քաշով զանգվածներ: