Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին և 31-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահի խորհրդական Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի ազգային անվտանգության և կոռուպցիայի կանխարգելման հարցերով խորհրդական Կեստուտիս Լանչինսկասի, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարարներ Յովիտա Նելյուպշիենեի և Մանտաս Ադոմենասի հետ։
Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների բարեկամական հարաբերությունները, կարևորել են դրանց ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումները:
ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի իշխանություններին՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն աջակցելու համար։
Քարտուղար Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը՝ Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները, ինչպես նաև մանրամասներ՝ Լաչինում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, շեշտելով՝ միջազգային փաստահավաք խումբ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ուղարկելու խիստ անհրաժեշտությունը։
Լիտվացի գործընկերներն իրենց պատրաստակամությունն են հայտնել Հայաստանին անվտանգային հարցերով, հատկապես՝ կիբեռանվտանգության ոլորտում աջակցելու վերաբերյալ։