Բաքու-Թեհրան լարվածությունը սրընթաց խորանում է: Հաճախացել են տարբեր գերատեսչությունների և բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով փոխադարձ մեղադրանքները, նախազգուշացումները և հրապարակային սպառնալիքները։ Դիվանագիտական հերթական առճակատման պատճառ է դարձել մարտի 29-ին Թել Ավիվում Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում իսրայելցի դիվանագետը հայտարարել է, որ Իրանն ընդհանուր սպառնալիք է Ադրբեջանի ու Իսրայելի համար:
Էլի Քոհեն (Իսրայելի ԱԳ նախարար) - Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությունը: Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ: Չպետք է թույլ տանք, որ Իրանն ընդլայնի իր միջուկային ներուժը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին Իսրայելի արտգործնախարարի հայտարարությունը:
Նասեր Քանանի (Իրանի ԱԳՆ խոսնակ) - Սա Ադրբեջանի տարածքն Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիքի վերածելու՝ Իսրայելի չարամիտ մտադրությունների հերթական ապացույցն է: Ակնհայտ է, որ Թեհրանը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի տարածքից իր դեմ ուղղված դավադրության նկատմամբ: Իրանական կողմը Ադրբեջանի իշխանություններից բացատրություն է պահանջել:
Քանանին նշել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարություններն այդ երկրների «ռազմավարական գործընկերության նոր փուլի» վերաբերյալ անուղղակի հաստատում են նրանց գործակցության հակաիրանական ուղղվածությունը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է: Գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն դիմել է Նասեր Քանանիին, կոչ արել ուշադիր լսել Ջեյհուն Բայրամովի ելույթները։
«Իսրայելի արտգործնախարարի հետ հանդիպմանը Ադրբեջանի գլխավոր դիվանագետը Իրանի դեմ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել»,- նշել է Հաջիզադեն:
Այխան Հաջիզադե (Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար) - Ուստի Բաքվին ուղղված՝ Իրանի արտաքին գործերի նախարարության զգուշացումները դիտարկում ենք որպես հերթական հակաադրբեջանական քայլ: Ավելին՝ վերջին շրջանում Իրանը սպառնալիքներ է հնչեցնում Ադրբեջանի հասցեին: Իրանական սադրանքների օրինակներից են Ադրբեջանի հետ սահմանին զորավարժությունները, Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը: Նաև նշում ենք, որ, ըստ նախնական հետաքննության, Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ իրականացված ահաբեկչության հետքերը տանում են Իրան։
Այխան Հաջիզադեն նաև հավելել է՝ Բաքուն երբեք թույլ չի տվել երկրի տարածքն օգտագործել երրորդ պետությունների դեմ, իսկ իրանական կողմի սպառնալիքները երբեք չեն վախեցնի Ադրբեջանին:
Իսրայելի հետ Ադրբեջանի մերձեցումն անհանգստացնում է նաև Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին: Նա հայտարարել է՝ Թեհրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում և դիմակայելու է դրանց։
Քիումարս Հեյդարի (Իրանի ցամաքային զորքերի հրամանատար) - Ադրբեջանում իսրայելական ուժեր կան, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական ուժերի դեմ Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի ահաբեկիչները նույնպես չեն լքել այդ երկրի տարածքը: Թեհրանը նաև թույլ չի տա տարածաշրջանում պետական սահմանների որևէ փոփոխություն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է իրանցի հրամանատարի հայտարարությանը՝ այն որակելով զրպարտություն: Գերատեսչությունը պնդել է՝ Ադրբեջանի տարածքում օտար տարրեր չկան, իսկ Բաքվի հասցեին Թեհրանի բոլոր մեղադրանքներն անհիմն և անընդունելի են:
Ադրբեջանի պաշտպանության նախարարություն. «Իրանը Բաքվի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում, սակայն երբեք մեղադրանքներ չի ներկայացրել Հայաստանին։ Ավելին՝ այս ընթացքում Իրան-Հայաստան եղբայրությունն ամրապնդվել է: Այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի հիմնական երկու դաշնակիցները Ֆրանսիան և Իրանն են»:
ՊՆ-ն նաև նշել է, թե Ադրբեջանն աջակցում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և չի միջամտում այլ երկրների ներքին գործերին: