ԻՐԱՆԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Թեհրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում և դիմակայելու է դրան՝ հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին։ Նա նշել է, որ Ադրբեջանում իսրայելական ուժեր կան, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական ուժերի դեմ Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի ահաբեկիչները նույնպես չեն լքել այդ երկրի տարածքը: Հեյդարին նաև զգուշացրել է՝ Թեհրանը թույլ չի տա տարածաշրջանում պետական սահմանների որևէ փոփոխություն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է իրանցի հրամանատարի հայտարարությանը՝ այն որակելով զրպարտություն: Ըստ գերատեսչության՝ «Ադրբեջանի տարածքում օտար տարրեր չկան», իսկ Բաքվի հասցեին Թեհրանի բոլոր մեղադրանքները «անհիմն և անընդունելի են»։
«Իրանը Բաքվի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում, սակայն երբեք մեղադրանքներ չի ներկայացրել Հայաստանին։ Ավելին, այս ընթացքում Իրան-Հայաստան եղբայրությունն ամրապնդվել է: Այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի հիմնական երկու դաշնակիցները Ֆրանսիան և Իրանն են»,- նշել են Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից:
ԹՐԱՄՓԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Նյու Յորքի երդվյալ ատենակալների կոլեգիան կողմ է քվեարկել Դոնալդ Թրամփին 2016 թվականին Trump Organization կազմակերպության ֆինանսական փաստաթղթերը կեղծելու գործով մեղադրանք ներկայացնելու օգտին։
Սա առաջին դեպքն է, երբ քրեական մեղադրանք է առաջադրվում Միացյալ Նահանգների նախկին կամ ներկա նախագահի դեմ։
CNN-ի տվյալով՝ Թրամփին կարող է ավելի քան 30 մեղադրանք ներկայացվել խարդախության համար: Նշվում է, որ մինչև որոշում կայացնելը Մեծ ժյուրին լսել է վկայի ցուցմունքները, վերջինիս ինքնությունը չի բացահայտվում։
Մանհեթենի շրջանային դատախազի գրասենյակը կապ է հաստատել Թրամփի փաստաբանի հետ՝ ապահովելու նախկին նախագահի ներկայությունը Մանհեթենի դատախազությունում՝ մեղադրական եզրակացություն ներկայացնելու համար: ԱՄՆ նախկին նախագահը դատարանի առջև կարող է կանգնել ապրիլի 4-ին։
Թրամփը, որը 2024 թվականին ցանկանում է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, գործընթացը քաղաքական հետապնդում է որակել։ Նա հավելել է, որ արդար դատավարության ակնկալիք չունի:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Քևին Մըքքարթին ստեղծված իրավիճակը ընտրություններին միջամտելու փորձ է անվանել և խոստացել, որ Կոնգրեսի ստորին պալատը քրեական պատասխանատվության կենթարկի Նյու Յորքի շրջանի դատախազին, որի գրասենյակը վարում է հետաքննությունը:
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ
Ռուսաստանում երկամսյա կալանքի է դատապարտել The Wall Street Journal-ի լրագրող, ամերիկացի Էվան Գերշկովիչը: Նա մեղադրվում է լրտեսության համար։ Ռուսական կողմը պնդում է, որ նա «գաղտնի տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի մասին»։ Լրագրողին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Գերշկովիչն իրեն ներկայացվող մեղադրանքը չի ընդունել։
Լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում են, որ ամերիկացի լրագրողն իրականում Եկատերինբուրգ էր մեկնել` հետաքննելու, թե ինչպես է «Վագներ» մասնավոր ընկերությունը հավաքագրում տեղի բնակիչներին` Ուկրաինայի դեմ պատերազմում կռվելու համար:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալը հանդես է եկել հայտարարությամբ: Վեդանտ Պատելը նշել է, որ Վաշինգտոնը դատապարտում է «Կրեմլի շարունակական փորձերը՝ ահաբեկելու, ճնշելու լրագրողների և քաղհասարակության ձայնը»։
Նա կոչ է արել Ռուսաստանում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Դաշնության տարածքը:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը: Այսպիսով, Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր պետությունները վավերացրել են Հելսինկիի դիմումը։ Թուրքիան և Հունգարիան դաշինքի անդամ միակ երկրներն էին, որոնք երկար ժամանակ չէին համաձայնում Ֆինլանդիայի անդամակցությանը:
Շվեդիայի հարցում Թուրքիայի և Հունգարիայի առարկությունները պահպանվում են։ Անկարայի պնդմամբ՝ Ստոկհոլմը չի կատարում ահաբեկչության դեմ պայքարում թուրքական կողմի պահանջները:
Իսկ Բուդապեշտը հայտարարում է, որ Ստոկհոլմը ոչ բարեկամական քաղաքականություն է վարում Հունգարիայի նկատմամբ: