Արդարադատության միջազգային դատարանը անօրինական է ճանաչել ԱՄՆ-ի կողմից Իրանի ակտիվների մի մասի սառեցումը և պահանջել է փոխհատուցում վճարել Թեհրանին։ Դատարանը որոշել է, որ փոխհատուցման չափի հետ կապված հարցը կողմերը պետք է լուծեն 24 ամսվա ընթացքում, հակառակ դեպքում այդ գործը կստանձնեն դատավորները, գրում է Euronews-ը:
«Դատարանը եզրակացրեց, որ Միացյալ Նահանգները խախտել է Բարեկամության պայմանագրի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտավորությունները»,- դատարանի որոշումը հրապարակել է նախագահող դատավոր Կիրիլ Գևորգյանը:
Թեհրանի հայցը բավարարվել է մասնակի, դատարանի վճիռը չի վերաբերում Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի սառեցված միջոցներին։ Դատարանը հայտարարել է, որ այդ հարցում անհրաժեշտ իրավասություն չունի:
2016 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Իրանի Կենտրոնական բանկին վերադարձնել սառեցված ակտիվներից 2 միլիարդ դոլարը: Դատարանը որոշել է, որ գումարը պետք է տրամադրվի ամերիկացի այն ընտանիքներին, որոնց հարազատները զոհվել են 1983 թվականին Բեյրութում խաղաղապահների զորանոցի ռմբակոծությունների հետևանքով։ Կատարվածի համար Վաշինգտոնը մեղադրել է Թեհրանին:
Ի պատասխան՝ Իրանն ԱՄՆ-ի դեմ գործ է հարուցել Արդարադատության միջազգային դատարանում՝ պահանջելով վերադարձնել հասանելիություն ակտիվներին։