Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է Իսրայելի արտգործնախարարի՝ Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու հայտարարությանը և խստորեն դատապարտել է այն, գրում է ISNA գործակալությունը:
«Սա Ադրբեջանի տարածքն Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիքի վերածելու՝ սիոնիստական ռեժիմի չարամիտ մտադրությունների հերթական ապացույցն է»,-ասել է Քանանին:
Նա նշել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարություններն այդ երկրների «ռազմավարական գործընկերության նոր փուլի» վերաբերյալ անուղղակի հաստատում են նրանց համագործակցության հակաիրանական կողմնորոշումը, և Ադրբեջանի իշխանություններից բացատրություն են պահանջել:
Քանանին, ընդգծելով, որ Իրանի ու Ադրբեջանի ժողովուրդները պատմական ու կրոնական անքակտելի կապեր ունեն, հավելել է. «Իրանը միշտ փորձել է խափանել երկու հարևան երկրների միջև բաժանում առաջացնելու չարակամների ջանքերը, և ակնկալվում է, որ Ադրբեջանի կառավարությունը նույնպես կխուսափի երկու երկրի թշնամիների լարած թակարդից։ Ակնհայտ է, որ Իրանը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի տարածքից իր դեմ ուղղված դավադրության նկատմամբ»։