ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կատապուլտ տաղավար Scenius» ստեղծարար արդյունաբերության Էքսպոյի բացման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին` նշելով, որ մշակութային կյանքի առանձնահատկություններից մեկը ծրագրերի բազմազանությունն է: Ըստ փոխնախարարի՝ «Կատապուլտ տաղավար Scenius» ստեղծարար արդյունաբերության ծրագիրը փոխլրացնում է իրականացվող մյուս ծրագրերին:
Նա, մասնավորապես, անդրադարձել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, որի 2-րդ շրջափուլի՝ մինչև 2027 թ. համաձայնագիրը, անցյալ տարեվերջին վավերացվել է Ազգային ժողովի կողմից. «Առաջիկայում կմեկնարկի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան նոր փուլը, որի գործունեությունը կապահովի տեղեկատվական գրասենյակը՝ ապահովելով փոխգործակցություն ՀՀ արվեստի ոլորտի ներկայացուցիչների և Եվրոպայի գործընկերների միջև՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով»:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագիրը, որն ուղղված է մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը: Այս համատեքստում նա ընդգծել է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակույթի ռազմավարություն մշակելու կարևորությունը: Նման ծրագիր արդեն իրականացվել է Իջևան քաղաքում, որը կարող է դառնալ նախադեպային մյուս մարզերի համար:
«Մշակութային այս ծրագրերը փոխլրացնում են միմյանց և մաս են կազմում մշակույթի ոլորտում պետական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը համարվող ստեղծարար արդյունաբերության զարգացմանը»,- նշել է նախարարի տեղակալը:
Արթուր Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել «Կատապուլտ տաղավար Scenius» ստեղծարար արդյունաբերության Էքսպոյի մասնակիցներին և հույս հայտնել, որ այն կդառնա գեղեցիկ հարթակ ինչպես լայն հանրությանը ներկայացնելու ստեղծագործական առկա ներուժը և նախաձեռնությունները, այնպես էլ ոլորտի կազմակերպությունների ու անհատների միջև երկխոսության կայացման յուրօրինակ միջավայր:
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս ողջունել է ներկաներին՝ կարևորելով մշակութային ռազմավարության մշակումը քաղաքների զարգացման տեսանկյունից: Նա ասել է, որ հատկապես դժվար օրերին պետք է նայել առաջ և զարկ տալ մշակույթին:
«Կատապուլտ տաղավար Scenius» ծրագիրը կոչված է խթանելու Հայաստանի ստեղծարար տնտեսությունը` հզորացնելով ոլորտի մասնագետների ձեռնարկատիրական հմտություններն ու մրցունակությունը: Այն նաև նպատակ ունի աջակցելու անհատներին, հաստատություններին և ենթակառուցվածքներին` իրազեկման, վերապատրաստման և ֆիզիկական ու տեխնոլոգիական ներդրուﬓերի ﬕջոցով:
Եվրոպական ﬕության ֆինանսավորմամբ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր ﬕության (ՀԲԸՄ) կողﬕց՝ «Ստեղծարար Հայաստան» (Creative Armenia) կազմակերպության հետ համատեղ։