Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն այսօր Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, հետագա անելիքների ու հումանիտար ծրագրերի վերաբերյալ հարցեր։
Լորան Վոքիեն վստահություն է հայտնել, որ Արցախի և իր ղեկավարած շրջանի միջև համագործակցությունն այսուհետ միայն ավելի է խորանալու և ամրապնդվելու։ Իր հերթին Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Վոքիեին՝ Արցախի հանդեպ բարեկամական վերաբերմունքի համար։
Օրվա երկրորդ կեսին Լորան Վոքիեն հանդիպում է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած արցախցիների հետ, լսել նրանց խնդիրները, քննարկել իրավական նշանակության մի շարք հարցեր։
Հանդիպմանը նախորդել է ֆրանսիական պատվիրակության երկօրյա այցը Սյունիքի մարզ։ Ֆրանսիացի պաշտոնյաները եղել են Լաչինի միջանցքի սկզբնամասում, արձանագրել, որ Արցախ տանող միակ ճանապարհն արգելափակված է։