Արզնի առողջավայրում 70 մետր խորությունից բնական հանքային բուժիչ ջուր է դուրս գալիս: Պետական այս առողջարանում 3 օր է` անհանգիստ են. Արզնի կիրճի հատվածից կոյաջուրը առանց դադարի լցվում է հանքային ջրերով հարուստ հատված:
Ռոման Ավդալյան («Հայաստանի կուրորտներ» սոցառողջապահական հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ) - Իմ մտահոգությունը, որ մակերեսային էս կեղտաջրերը լցվում են մակերեսային գրունտների մեջ, մտավախությունս է, որ չանցնեն խորքային ապառաժների մեջ, և հանքային ջուրը մեր չաղտոտվի: Մենք կկորցնենք Արզնի հանքավայրը՝ որպես էդպիսին:
Ձմեռային դադարից հետո` ապրիլի 10-ին, նախատեսում են սկսել աշխատանքը, սակայն կոյաջրերի կուտակումը տարածքում վտանգում է առողջարանի բնականոն գործունեությունը. ահազանգում է փոխտնօրենը:
Կեղտաջրի այս ջրվեժը նոր է, բայց խնդիրը ավելի վաղ է առաջացել: Շաբաթներ առաջ էլ մի քանի հարյուր մետր այն կողմ կոյաջուրը լցվում էր Հրազդան գետ:
Համայնքապետարանի աշխատակցի խոսքով՝ «Վեոլիա ջուրն» ու համայնքը խնդիրը վերացրին, հիմա նորն է առաջացել:
Սերժ Շուշանյան (Բյուրեղավանի համայնքապետարանի վարչական իրավախախտումների գծով պատասխանատու) - Բազմիցս դիմել ենք «Վեոլիա ջուր», մենք տեղեկացրել ենք, նաև թեժ գծով ենք տեղեկացրել, որ գան, վթարը վերականգնեն: Առայժմ չեն եկել:
Խնդրի վերաբերյալ պարզաբանման համար «Վեոլիա ջուր» ընկերությանը դիմել էր նաև «Լուրերը»: Հենց նկարահանումների պահին առողջարանի տարածք եկավ ջրամատակարարման ու ջրահեռացման տարածքային պատասխանատուն: Արայիկ Եղիկյանը պնդեց՝ ահազանգը ստանալուն պես համապատասխան խումբը եկել է տարածք:
Արայիկ Եղիկյան («Վեոլիա ջուր» ընկերության «Հյուսիս» շահագործման տնօրեն) - Սահմանային գոտին չպահպանելով` կոյատարի դիմացը կառուցապատումներ են արված, տներ են կառուցել, որտեղ մեր աշխատանքային պրոցեսը հնարավոր չի իրականացնել մինչև վերջ, ճիշտ սպասարկում, որպես այդպիսին, չենք կարողանում կատարել, հատուկ փչող մեքենան չի կարող մոտենալ:
Մասնագետները պարզեցին՝ կոյագիծը խցանված է: Ջրահեռացման պատասխանատուները կասկածներ ունեն նաև, որ խցանումը արհեստական է ստեղծվել, դիտահորերում քարեր կան:
Խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար ամեն ինչ կանեն, վստահեցրին պատասխանատուները: Միաժամանակ թե Բյուրեղավանի համայնքապետարանի, թե «Վեոլիա ջրի» ներկայացուցիչները փաստեցին՝ այս տարածքի բնակավայրերը նոր կոյուղու կարիք ունեն:
Արայիկ Եղիկյան - Որպեսզի սեփական, զավթած տարածքներից կոյուղագիծը տեղափոխվի այլ տարածք, որ կարողանանք հատուկ սպասարկում իրականացնել և շահագործումը ճիշտ կազմակերպենք:
Սերժ Շուշանյան - Նախագծման աշխատանքներ են հիմա տարվում համայնքապետարանի կողմից՝ համաձայնեցված նախարարության ու մարզպետարանի հետ, որպեսզի նոր կոյուղագիծ կառուցենք, խնդիր ունի համայնքը:
Երեկոյան առողջարանի փոխտնօրենը «Լուրերին» փոխանցեց, որ մասնագետներն աշխատանքի մեծ մասը կատարել են, կեղտաջրի հոսքը գրեթե դադարել է: