Պատմական Դվին մայրաքաղաքի տարածքում հետախուզական պեղումներ իրականացնող գիտնականները հնագիտական նոր շերտ են հայտնաբերել:
Համլետ Պետրոսյան (հնագիտական արշավախմբի ղեկավար) - Այստեղ պատմականորեն միանում են Դվինի հանդակները, որոնք լցված են եղել ջրով, այստեղ եկել և միացել են:
Հնագետները կարծել են՝ այս հատվածում պատմական հարուստ նյութ չի լինի, առաջարկել են հենց այստեղ կառուցել Դվինի ապագա թանգարանն ու հնագիտական հանգրվանը: Պեղումների մեկնարկից երկու շաբաթ անց, սակայն, արշավախմբի ղեկավարը այլ պատկեր է արձանագրել. երկու գետերի միախառնման հատվածում էլ տարբեր դարաշրջանների հարուստ նյութական ժառանգություն կա:
Համլետ Պետրոսյան - 8-9-րդ դարի շատ հզոր շերտ կա, շատ հետաքրքիր սենյակներով, պատերով: Ես դիմեցի նախարարությանը՝ առաջարկելով, որ մենք պեղենք, ամրակայենք և այն ներառենք ապագա թանգարանի մեջ: Առաջարկը ընդունվեց, Կառավարությունը երեկ որոշում է ընդունել ֆինանսավորելու:
Պատմական Դվին մայրաքաղաքն իր նյութական, ճարտարապետական հարուստ ժառանգությամբ աշխարհին ներկայանալու, ավելի ճանաչելի դառնալու խնդիր ունի: Առաջին անգամ Հայաստանում հնագիտական հարուստ շերտի վրա էլ իր տեսակի մեջ եզակի թանգարան կկառուցվի:
Համլետ Պետրոսյան - Սա կցուցադրվի որպես ապագա թանգարանի առանձին ապակեպատ սրահ: Այն պիտի ոչ թե ցուցադրվի՝ վերցնելով տեղադրելով, այլ պիտի իրենք ամրակայվեն, հատուկ ապակեպատ հարթակներ ստեղծվեն, որ մարդը քայլի և հայտնվի հնագիտական միջավայրում:
Մինչև թանգարանի հնագիտական միջավայրում հայտնվելը, արշավախմբին օգնում են տեղի բնակիչները. նրանք և՛ վարձատրվում են, և՛ պատմական քաղաքի մասին հետաքրքրող հարցերի պատասխանները ստանում գիտնականներից:
Ջանիկ Գևորգյան (Հնաբերդ գյուղի բնակիչ) - Հիմա մեզ հետաքրքրում ա՝ մեր պապերը ինչ ժամանակաշրջանում են ապրել, ինչ են օգտագործել: Ինչքան շատ լավ բան գտնենք, էնքան լավ մեր գյուղի համար, էլի:
Մայրաքաղաք Դվին պատմամշակութային արգելոցի տարածքում հնագիտական աշխատանքներն իրականացնում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հայաստանի պատմության թանգարանի և Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանից ժամանած մասնագետները: Էլիզա Բրունոյի ձեռքին նախորդ տարվա պեղումների խեցեղենն է:
Էլիզա Բրունո (Ֆլորենցիայի համալսարանի հնագետ) - Սա բարձր որակով ջնարակված խեցեղեն է, ինչը վկայում է, որ միջնադարում Դվինում բավական լավ գիտելիքներ են ունեցել խեցեգործության վերաբերյալ: Եվ մեր հիմնական նպատակն է տարբերակել Դվինում ստեղծված արտադրանքն ու միջնադարյան Հայաստանի տարբեր վայրերից այստեղ բերվածները:
«Դվին» արգելոցի վարիչի խոսքով՝ վերջին շրջանում շատ են պատմական մայրաքաղաքով հետաքրքրվողները, հնագիտական պեղումների լուրը իր հերթին ակտիվացրել է այցելությունները՝ նախորդ տարվա համեմատ կրկնակի են զբոսաշրջիկները:
Վահան Հովսեփյան («Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցի վարիչ) - Ստույգ թիվ չեմ կարող ասել, քանի որ տոմսային չի, բայց շատ ա շատացել: 2022 թվականի հունվար, փետրվար, մարտ՝ մոտ 200 ա եղել, այս պահին արդեն 400 կա:
Պատմական մայրաքաղաքի տարածքում թանգարանի կառուցման շինաշխատանքների մեկնարկը նախատեսված է 2023-ի աշնանը: Ծրագիրը իրականացվում է Համաշխարհային բանկի վարկային ծրագրով՝ Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ գործակցությամբ: