«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է: Տեղեկությունը քիչ առաջ «Լուրերին» հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Նշենք, որ Սահմանադրությամբ՝ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի:
Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:
Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորն այսօր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:
Ավելի ուշ Վարդանյանը դիմել է բուժհաստատություն, իսկ Սահակյանը՝ տեղափոխվել ոստիկանություն: