Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024 թ․ բյուջետային ծախսերի արդյունավետության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցային գործընթացն ապահովելու նպատակով մարտի 29-ին և 30-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ ԱՍՀ նախարարության, միջազգային գործընկերների, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ միջև։
Հանդիպմանը քննարկվել են սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, երեխաներին ու կանանց մատուցվող ծառայությունների բյուջետային ծրագրերը։
Կարևորելով բյուջետավորման և ֆինանսական պլանավորման հարցում հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը՝ նախարարի տեղակալներն ընդգծել են, որ պետական բյուջետավորումը մեր հասարակության կարիքներն արձանագրելու և դրանք բավարարելու համար ռեսուրսների բաշխման կարևոր գործընթաց է և գործիք՝ երաշխավորելու Կառավարության հաշվետվողականությունն իր քաղաքացիներին և հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Վերջիններիս խոսքով՝ Հայաստանը առաջընթացներ է գրանցել պետական բյուջետավորման գործընթացի բարելավման ուղղությամբ, իրականացվել են աշխատանքներ՝ այն դարձնելով ավելի մասնակցային և հաշվետու։
Անդրադարձ է կատարվել նաև բյուջեի առաջնահերթությունների ձևավորման փուլերին, որոնց իրագործման ընթացքում կարևոր է հաշվի առնել նախարարության կողմից տրամադրվող բազմաբնույթ ծառայություններ ստացող քաղաքացիների կարծիքը։
Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի գործընկերները խոսել են նախարարության բյուջեի պլանավորման և կատարման ընդհանուր գործընթացների, ծրագրային բյուջետավորմանն առնչվող կարողությունների հզորացման, սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական պլանավորման, պետական ծախսերի քաղաքականության, մասնակցային գործընթացի վերակազմակերպման և այլ հարցերի շուրջ։ Կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացումը՝ նրանք ևս շեշտել են այդ գործընթացում քաղհասարակության անդամների ակտիվ ներգրավվածության, միասին որոշումներ կայացնելու և աշխատելու գործոնը։
Գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող խորհրդատվական ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային գործընթացների վերակազմակերպում, աշխատակազմի կարողությունների վերապատրաստում, տեխնիկական աջակցություն և համապատասխան գործիքակազմի տրամադրում, որն ուղղված կլինի նախարարությունում ծրագրային բյուջետավորմանն առնչվող որոշումների կայացմանն ու կարողությունների հզորացմանը։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ներկաները խոսել են ընտանեկան նպաստի նոր համակարգի մոտեցումների, երեխայի խնամքի նպաստի տրամադրման, նախարարություն-համայնք-քաղհասարակություն համագործակցության ամրապնդման և այլ հարցերի շուրջ։