Սանկցիաներ դեռևս չեն կիրառվել, և մեր գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու մասին ռուսական կողմի հայտարարությանը։
«Հաջորդ շաբաթ էլ մեր գործընկերների հետ հանդիպում ենք ունենալու։ Կարծում եմ, որ այդտեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա։ Ամեն ինչ սննդի անվտանգության բարձր չափանիշներ ապահովելու համար է»,- ասաց Քերոբյանը։
Նախարարը հույս հայտնեց, որ լուծումներ կգտնվեն այս առումով։
«Իրանական հումք Հայաստանում արտադրվող կաթնամթերքի մեջ օգտագործվում է, մենք երբեմն նաև արտոնություններ ենք տալիս ընկերություններին կաթնային սերուցք ներմուծելու համար։ Պետք է քննարկենք գործընկերների հետ։ Իրանական կազմակերպություններ կան, որ գտնվում են Եվրասիական ռեեստրում, և թույլատրված է նրանցից կաթնային սերուցք ներմուծել և օգտագործել դեպի ՌԴ արտահանվող ապրանքի մեջ»,- ասաց Քերոբյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության ծառայությունը հայտարարել է, որ ներկրվող կաթնամթերքում խախտումներ են հայտնաբերել:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արդեն արձագանքել է ռուսական կողմի հայտարարությանը, որը կասկածի տակ է դնում կաթնամթերքի անվտանգությունը, թե առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու՝ Մաքսային միության ռեեստրում ներառվել են երրորդ երկրների ձեռնարկություններ: