Լաչինի` արդեն գրեթե 110 օր փակ միջանցքի ճանապարհին Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը տեսաուղերձ ձայնագրեց միջազգային հանրության համար: Ֆրանսիական պատվիրակությունը Հայաստանի հարավում է, առաջինը այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Տեղ համայնք՝ իրավիճակին ծանոթանալու:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ֆրանսիացի գործընկերոջը մանրամասն ներկայացնում է ստեղծված իրավիճակը, ցույց տալիս սահմանը, որից այն կողմ այս պահին չեն թույլատրում անցնել: Պատմում է մի քանի շաբաթ առաջ արցախցի 3 ոստիկանի սպանության դեպքի մասին: Լորան Վոքիեն այս ճանապարհին կանգնած հիշեց 2019-ի իր ցանկությունը, երբ ժամանել էր Հայաստան: Այդ օրերին ֆրանսիացի պաշտոնյայի ցանկությունը մեծ էր, որ Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը և Արցախը գործակցության հուշագիր կնքեն:
ԻՄ ՊԱՅՔԱՐԸ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻ ՎՐԱ ԳՐԱՎԵԼՆ Է. ՎՈՔԻԵ
Լորան Վոքիե (Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ) - Այսօրվա իմ պայքարը այն է, որ կարողանամ աշխարհի ուշադրությունը հրավիրել Արցախի վրա, հիշեցնել, որ այդ հողակտորի վրա ապրում են հազարավոր մարդիկ, որոնք կտրված են աշխարհից, չունեն բավարար սնունդ, առողջապահական պարագաներ և սա ուղղակի աղետալի է: Այդ ամենը կատարվում է շրջվող հայացքների ներքո՝ լուռ:
Լորան Վոքիեն, մինչդեռ, վստահ է՝ միջազգային հանրությունը չպետք է լռի, քանի որ այդ լռությունը մեղավոր է դարձնում:
Լորան Վոքիե - Իմ կարծիքով` Ֆրանսիան պետք է առավելագույն ճնշում գործադրի, որ գոնե որպես առաջին քայլ՝ ճանապարհը բացվի մարդասիրական օգնության համար: Իմ գալը և Լաչինի սկզբնամասում գտնվելը կարևոր է, սա ցույց է տալիս, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է:
Ֆրանսիացի պաշտոնյան կարծում է, որ Ադրբեջանը փորձում է պահպանել վերջին դիրքային առաջխաղացումը` այն ակնկալիքով, որ որոշ ժամանակ անց մարդիկ կմոռանան այս դեպքերը, իսկ փաստը կմնա այն, որ իրենք այդ հատվածում են ու վերջ: Այս առումով, Լորան Վոքիեի խոսքով, պետք է շարունակել բոլորին հիշեցնել, որ գոյություն ունի միջազգային իրավունք, որն այս հատվածում խախտվում ու ոտնահարվում է:
Լորան Վոքիե - Առաջին տպավորությունն այստեղ գալիս սարսափելի էր, որովհետև այլ զգացողություն է, երբ լսում ես հեռվից, և լիովին այլ, երբ գալիս ես այստեղ ու զգում ես, որ ժողովրդի առաջ դռները փակվել են, ինչպես բանտում: Մտածում եմ ցեղասպանության մասին, որ 100 տարի առաջ է տեղի ունեցել, և սարսափելին այն միտքն է, որ նույն դահիճները, նույն մեթոդներով կեղեքում են նույն ժողովրդին և դա բարբարոսության գագաթնակետն է: Հերթական անգամ մտածում եմ, որ պարտավոր ենք մի բան անել, պարտավոր ենք անել հանուն ժողովրդի ու հանուն պատմության: Սարսափելի է մտածել պարզապես, որ 21-րդ դարը սկսվում է նույն բարբարոսությամբ:
ՀՈՒՇԱԳԻՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊ ՇՐՋԱՆԻ ՄԻՋԵՎ
Համատեղ լուսանկար արգելափակոցի մոտ, ու պատվիրակությունը ուղևորվեց Տաթև: Վանական համալիրի տարածքում Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ Ռոն-Ալպ շրջանի միջև կնքվեց հուշագիր:
Նախատեսվում է զարգացնել երկկողմ գործակցությունը: Առաջնահերթ ոլորտներից են բուժօգնության հասանելիությունը, տնտեսական զարգացումը, մասնավորապես` գյուղատնտեսությունը, երիտասարդների մասնագիտական կրթությունը, զբոսաշրջության ու ֆրանսերենի տարածման խթանումը:
ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ՕՐԵՐ ԿՏԵՎԻ. ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Իրականում շատ կարևոր բան է տեղի ունենում Սյունիքում, Աստծո տանը՝ Տաթև վանական համալիրում, ճանապարհին զրուցում էինք, ու երկուսս էլ վստահ ենք, որ այս համագործակցությունը սկիզբ է դնելու մի նոր բարեկամական ժամանակահատվածի, որը հետագայում մեծ հնարավորություն ունի դառնալու պատմական: Հայ-ֆրանսիական բարեկամության մասին խոսելը օրեր կտևի, որովհետև վստահ եմ, որ Ֆրանսիայն եղել է, կա ու կմնա Հայաստանի լավագույն բարեկամ երկրների առաջին հորիզոնականներում:
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻՆ. ՎՈՔԻԵ
Լորան Վոքիե - Հավատում ու վստահում եմ ձեզ, հավատում եմ Սյունիքի և Հայաստանի ապագային: Գիտեմ, որ այս դժվարին ժամանակահատվածում երբեմն կասկածում եք, մտածում՝ ուր են միջազգային կառույցները, բարեկամները: Հատկապես այդ պահերին կարևոր է, որ լսեք մեր ձայները, որ դուք կարևոր եք, միայնակ չեք, որ մենք ձեր կողքին ենք լինելու: Այսօրվանից սկսած` ով հարձակվի Սյունիքի վրա, հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա, ով ոտնձգություն կատարի Սյունիքի հանդեպ, իր ճանապարհին կհանդիպի Օվերնյ-Ռոն-Ալպին:
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը Սյունիքի մարզում երկօրյա այցով է: Լորան Վոքիեի գլխավորությամբ բարեկամ երկրի ներկայացուցիչները կլինեն նաև Սյունիքի այլ բնակավայրերում: