Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազության ներկայացրած հայցադիմումի քննությունը:
Նիստը սկսվելուն պես պատասխանող կողմն առարկեց լրագրողների՝ տեսանկահարանման միջնորդության դեմ, իսկ երբ դատարանը մասնակի բավարարեց այն, փաստաբանները նիստը դռնփակ քննելու միջնորդություն ներկայացրին՝ կրկին դռնփակության պայմաններում: Միջնորդության քննարկումից հետո նիստը շարունակվեց դռնբաց:
Համլետ Հարությունյան (ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - Ըստ ստացված փորձագիտական եզրակացության՝ Մհեր Սեդրակյանին պատկանող՝ ապօրինի ծագում ունեցող միայն անշարժ գույքերի շուկայական միջին արժեքների հանրագումարը կազմում է 2 մլրդ 297 մլն 856 հազար 520 դրամ, որն ակնհայտորեն գերազանցում է օրենքով նախատեսված շեմը:
Դատախազությունը պահանջում է Մհեր Սեդրակյանից հօգուտ պետության բռնագանձել Էրեբունու Ազատամարտիկների պողոտայի հողակտորի միջին շուկայական արժեքը, «էրեբունի մաքրություն» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը, մեկ այլ ՍՊԸ-ի 60%-ը, «Ավտոստոպ» ընկերության 100% բաժնեմասը։ Ընդհանուր մոտ 21 անշարժ գույք` Սեդրակյանից և նրան փոխկապակցված անձանցից: Բռնագանձման ենթակա են նաև ապօրինի ծագման դրամական միջոցներ:
Համլետ Հարությունյան - Մհեր Սեդրակյանից բռնագանձել 1 մլրդ 434 մլն դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողին կամ անհնար է նույնականացնել և բռնագանձել։ 7 մլրդ 236 մլն 775 հազար դրամ` որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխում՝ օտարման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար:
Դատախազը ապօրինի դիտարկված գույքերն ու եկամուտները ներկայացրեց ըստ տարեթվերի: Սկսելով 1990-ականներից` Հարությունյանն ասաց՝ 1992-ին Մհեր Սեդրակյանին տրվել է Դավիթ-Բեկ թաղամասում բնակելի տուն կառուցելու իրավունք: Կառուցված տան արժեքի 99 տոկոսը չի հիմնավորվել օրինական եկամուտներով: Ըստ դատախազի՝ տան արժեքը գնահատվել է մոտ 48 միլիոն դրամ, մինչդեռ Սեդրակյանը 1995-2000 թվականներին ստացել է 2 միլիոն դրամի աշխատավարձ: Դատախազն անդրադարձավ նաև Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի ձեռք բերած գույքին:
Համլետ Հարությունյան - Մինչև Դավիթ Սեդրակյանի աշխատանքային գործունեություն ծավալելը` նրա անվամբ ձեռք են բերել անշարժ գույք, որոնց համար նա չուներ ըստ ստացված տեղեկությունների օրինական եկամուտներ, ձեռք են բերվել նաև իրավաբանական անձանցում մասնակցություններ:
Դատախազի խոսքով` գույքեր են ձեռք բերվել նաև Մհեր Սեդրականի կնոջ՝ Շուշանիկ Աֆյանի և Դավիթ Սեդրակյանի կնոջ անվամբ, որոնք, ըստ ստացված տեղեկությունների, երբևէ չեն աշխատել:
Հայցի առարկայի ներկայացումից հետո դատախազին հարցեր ուղղեցին պատասխանողների ներկայացուցիչները: Հարցուպատասխանը կշարունակվի մյուս նիստին:
Նախկին պաշտոնյան 2017-ին՝ պաշտոնը դադարեցնելիս, հայտարարագրել է 463 միլիոն դրամ: Սեդրակյանը 1999 թվականից մինչև 2005 թվականը եղել է Էրեբունի համայնքի ղեկավար, եղել է նաև տարբեր գումարման խորհրդարանների պատգամավոր:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան