ՉԱՐԼԶ III-Ն ԱՅՑԵԼԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը միապետի կարգավիճակում առաջին պետական այցը կատարել է Գերմանիա: Չարլզ թագավորին դիմավորել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, նա իր նստավայր Բելվյու ամրոցում միապետի պատվին ընդունելություն է կազմակերպել:
Ընդունելությունից հետո Չարլզ III-ը կնոջ հետ շրջել է Բեռլինում, այցելել բացօթյա շուկա, շփվել քաղաքացիների հետ: Թագավորին ընդունել է կանցլեր Օլաֆ Շոլցը, նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, կլիմայական խնդիրները և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Մեծ Բրիտանիայի թագավորը նաև ելույթ է ունեցել Բունդեսթագում, ողջունել Ուկրաինային Գերմանիայի ռազմական աջակցությունը, կոչ արել ամրապնդել Լոնդոն-Բեռլին հարաբերությունները:
Չարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր) - Գերմանիան և Մեծ Բրիտանիան կարևոր դեր են ստանձնել՝ հանդես գալով որպես Ուկրաինայի եվրոպական խոշորագույն դոնորներ: Եվրոպան կրկին բախվել է պատերազմի աղետին: Եվրոպայի անվտանգությունը, ինչպես նաև մեր ժողովրդավարական արժեքները վտանգի տակ են։
Չարլզ III-ը բրիտանացի առաջին միապետն է, որը ելույթ է ունեցել Գերմանիայի խորհրդարանում։ Նա պատգամավորներին է դիմել անգլերեն և գերմաներեն:
Լրատվամիջոցները գրում են, որ այս այցով Լոնդոնը փորձում է շրջել Բրեքսիթից հետո Եվրամիության հետ վերջին տարիների բարդ հարաբերությունների էջը: Ակնկալվում էր, որ Չարլզ թագավորի առաջին պետական այցը կլինի Փարիզ, սակայն այն չեղարկվել է Ֆրանսիայում կենսաթոշակային փոփոխությունների դեմ զանգվածային ցույցերի պատճառով:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարության և արհմիությունների ներկայացուցիչները շարունակում են բանակցել երկրում կենսաթոշակային փոփոխությունների շուրջ, որոնց պատճառով Ֆրանսիայում արդեն երկար ժամանակ է՝ զանգվածային ցույցեր են:
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Հիմա Սահմանադրական խորհուրդը պետք է խելամտորեն քննարկի օրինագիծը: Այս բարեփոխումների հետ կապված հանրային անհամաձայնություն կա, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է դադարեցվի, շարունակում ենք աշխատել: Երկրում դեռ գնաճ է նկատվում, գործազրկության հարցն է պետք լուծել, երաշտի խնդրին է հարկավոր արձագանքել:
Մակրոնը հայտնել է, որ հաջորդ շաբաթ վարչապետ Էլիզաբեթ Բորնը ևս հանդիպում կանցկացնի արհմիությունների հետ:
ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԴԱՌՆԱԼ ՈՐԵՎԷ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիան մտադիր չէ դառնալ որևէ հակամարտության կողմ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:
«Նախ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեր երկիրը դեպի պատերազմ չի տանի: Եթե մենք չլինեինք, արևմտյան թևը Թուրքիային կներքաշեր պատերազմի մեջ։ Մենք նաև ավելի բծախնդիր կլինենք նաև Սիրիայից ներգաղթի հարցում»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մասնակցել ապրիլի 27-ին Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի լիցքավորման արարողությանը։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ նա շեշտել է՝ Անկարան ցանկանում է հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ բանակցությունների սեղանի շուրջ՝ Ստամբուլում։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ԿԱՆՑՆԻ. ՌԵԶՆԻԿՈՎ
Էստոնական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ծրագրում են հակահարձակման անցնել ապրիլ-մայիս ամիսներին։ Ալեքսի Ռեզնիկովի խոսքով՝ մի քանի ուղղությամբ արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում:
«Մենք նախ պետք է պաշտպանվենք ռուսներից, զսպենք նրանց՝ հատկապես արևելյան ճակատում»,- ընդգծել է պաշտոնյան, հավելել, որ շատ բան կախված է նաև եղանակային պայմաններից և արևմտյան ռազմական մատակարարումներից:
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է
Վատիկանը հայտարարել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հոսպիտալացվել է և հիվանդանոցում կանցկացնի մի քանի օր։ ԶԼՄ-ների տվյալով՝ պոնտիֆիկոսը պատրաստվում էր մոտ ժամանակներս հերթական բուժզննումը անցնել, սակայն մարտի 29-ի առավոտյան նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Պապի մոտ շնչառական հիվանդություն է ախտորոշվել։
Հիվանդանոցից հայտնել են, որ պոնտիֆիկոսը մեկ շաբաթվա ընթացքում կապաքինվի և կկարողանա մասնակցել Զատկին նվիրված արարողություններին։
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
Իսպանիայի հյուսիսում այսօր անտառային հրդեհի ավելի քան 100 օջախ է գրանցվել: Լրատվամիջոցների տվյալով՝ պատճառը ռեկորդային բարձր ջերմաստիճանն ու ուժեղ քամիներն են: Հրշեջները փորձում են մարել կրակը:
Հրդեհների խնդրին է բախվել նաև Իտալիան: Վերջերս Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել՝ նշելով, որ նորմայից բարձր ջերմաստիճանի հետևանքով երաշտի վտանգ կա մասնավորապես Իսպանիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Բրիտանիայում, հյուսիսային Իտալիայում, Հունաստանում և Արևելյան Եվրոպայի մի շարք բնակավայրերում: Իշխանություններն ահազանգում են, որ այս տարի հնարավոր է` կրկնվի 2022 թվականի պատկերը, երբ Եվրոպայում այրվեց 785.000 հեկտար հողատարածք: