Պետք է լսել Բաքվին և Երևանին, ոչ թե նրանց, ովքեր երբևէ միջնորդական դեր չեն ունեցել և չեն հասել որևէ գործնական արդյունքի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հարցազրույցը Deutsche Welle-ին:
«Պետք է լսել նրանց և գործել երկու երկրների շահերին համապատասխան: Մենք հասկանում ենք, որ երկու կողմերը երբեմն ունեն տրամագծորեն տարբեր տեսակետներ, որ լինում են ծայրահեղ բարդ իրավիճակներ, սրացումներ: Միևնույն ժամանակ, մենք արձանագրում ենք, որ կողմերը կարող են պայմանավորվել: Կարևորը նրանց համար համապատասխան մթնոլորտ և հիմք ստեղծելն է և աջակցելը փոխըմբռնմանը: Ոչ թե հակառակը»,- նշել է Զխարովան:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում Եվրամիությունն ապակառուցողական նպատակներ ունի:
«Բրյուսելում շահագրգռված չեն վստահություն ձևավորելու և կողմերի դիրքորոշումները մոտեցնելու հարցում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, հավելել՝ Եվրամիությունը Երևանի և Բաքվի մեջ տարաձայնություններ է սերմանում:
Զախարովան կոչ է արել հրաժարվել նման առճակատման սցենարից և հիշեցրել. «Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված բախումները 2020 թ. աշնանը և 2022 թ. սեպտեմբերին դադարեցվել են հենց Ռուսաստանի ջանքերով»: