ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին հանքարդյունաբերության ոլորտի ավագ մասնագետ Ռեմի Պելոնը և հանքարդյունաբերության ոլորտի ավագ խորհրդատու Բրայան Լենդը։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և Համաշխարհային բանկի միջև առկա համագործակցության կարևորությունը։ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, Համաշխարհային բանկի աջակցության շրջանակներում մշակված՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության ընթացքի և ռազմավարության ընդունումից հետո նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև ներկայացրել ՀՀ կառավարության առաջնահերթությունները հանքարդյունաբերության ոլորտում։
Հանքարդյունաբերության ոլորտի ավագ մասնագետ Ռեմի Պելոնը և հանքարդյունաբերության ոլորտի ավագ խորհրդատու Բրայան Լենդը հայտնել են իրենց պատրաստակամությունը ապագա համագործակցության վերաբերյալ՝ կարևորելով ինստիտուցիոնալ հնարավորությունների և կարողությունների զարգացումը։ Նշվել է նաև, որ շատ կարևոր է հանքարդյունաբերության ոլորտի ընկալումը ոչ միայն բացասական, այլև դրական ազդեցությունների առումով։
Պատվիրակությունը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից նախատեսվում է հանրապետությունում իրականացնել հանքային ներուժի գնահատում և վերլուծություն։
Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված և իրականացվող բարեփոխումները, կատարված աշխատանքները և կարևորել է պետության և մասնավոր սեկտորի միջև արդյունավետ համագործակցությունը: Նախարարի տեղակալը հետաքրքրվել է ոլորտում առկա տարբեր խնդիրների վերաբերյալ միջազգային հաջող փորձերից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր եւս: Նախարարի տեղակալը ընդգծել է, որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը պատրաստ է համագործակցությունն ավելի ընդլայնելու և զարգացնելու գործում: