ԳԱԼՈՒԶԻՆԸ ՉԻ ՀԵՐՔԵԼ, ՈՐ ՀԱՊԿ-Ի ՆԵՐՍՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ «ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գալուզինը RTV-ի հետ հարցազրույցում հույս է հայտնել, որ ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով:
«Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ իրագործելու հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման ծրագրերը՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ օգնության միջոցները, որոնք ամրագրված են Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագծում: Դրան պատրաստ ենք այնքան, որքան Հայաստանը»,- ասել է պաշտոնյան։
Գալուզինը չի հերքել, որ ՀԱՊԿ-ի ներսում առկա են «դժվարություններ»՝ նշելով, որ դա բնորոշ է միջազգային բոլոր կառույցներին, քանի որ նրանք գործնական աշխատանք են կատարում՝ ելնելով իրենց բոլոր անդամների շահերից: Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցության ամրապնդման հարցերը շահագրգիռ քննարկման առարկա են դարձել 2023 թ. մարտի 20-ին արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի Մոսկվայում կայացած հանդիպմանը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի՝ վերջերս Երևան կատարած այցի ընթացքում։
ՌԴ-Ն ՄԻՆՉԵՎ 2025 Թ. ԿՉԵՂԱՐԿԻ ՌՈՈՒՄԻՆԳԸ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ 3 ԵՐԿՐԻ ՀԵՏ
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության անդամ Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի հետ, հայտնում է Ведомости-ն՝ հղում անելով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ-ում հեռահաղորդակցության օպերատորներից պահանջել է մինչև 2025 թվականը միության անդամ երկրների տարածքում մշակել «արդար սակագների կիրառման կանոններ» և վերանայել բջջային ծառայությունների սակագները: Մինչև 2025 թվականի առաջին եռամսյակը օպերատորները պետք է նվազեցնեն միջազգային սակագները և ցածր սակագներ սահմանեն ԵԱՏՄ-ի բաժանորդներին բջջային ծառայությունների մատուցման համար։
ԵՄ-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ, ՄՈԼԴՈՎԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Եվրոպական խորհուրդը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների գործընթացն սկսելու որոշումը պետք Է ընդունի մինչև 2023 թ.-ի վերջը: Նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ 2022 թվականի հունիսին Եվրոպական խորհուրդը որոշում Է ընդունել ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստակամություն Է հայտնել այդ երկրին ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել, հենց կատարվեն 12 պայմանները, այդ թվում՝ բևեռացման վերացումը, ապաօլիգարխացումը, լրատվական միջավայրի բարելավումը, դատական համակարգի լիարժեք անկախության ապահովումը և այլն։
Միշելի խոսքով՝ Եվրահանձնաժողովը պետք է հրապարակի հաջորդ հաշվետվությունը ԵՄ-ին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության գործընթացի, ինչպես նաև Վրաստանի եվրոպական հեռանկարի մասին։ Բացի դրանից՝ քննարկումներ են ընթանում Արևմտյան Բալկանների վերաբերյալ։
ԻՍՐԱՅԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ԱՄՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ
Իսրայելի քաղաքացիները այս տարվա սեպտեմբերից կկարողանան ԱՄՆ մուտք գործել առանց վիզայի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կկատարենք լրացուցիչ պահանջները, և 2023 թվականի սեպտեմբերից ակնկալվում է, որ Իսրայել պետությունը կմիանա այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիներից մուտքի վիզա չեն պահանջում Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար»,- հայտարարելէ Իսրայելի վարչապետը: