ԵՄ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԿԱՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵԼ ՉԺՀ ՀԵՏ. ԼԱՅԵՆ
Եվրամիությունը մտադիր է կայուն դիվանագիտական հարաբերություններ պահպանել Չինաստանի հետ՝ միաժամանակ նվազեցնելով այդ երկրի հետ շփումներում առկա ռիսկերը՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ուսումնասիրության ինստիտուտում։
«Չեմ կարծում՝ Չինաստանից հեռավորություն պահելը հնարավոր է և բխում է ԵՄ շահերից», - ասել է Լայենը, հավելել՝ ԵՄ-Չինաստան հարաբերությունների զարգացման համար որոշիչ կլինի այն, թե ինչպեսի քաղաքականություն կվարի Պեկինը ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում:
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Պեկինը ուժեղացրել է երկրի ռազմական դիրքերը և հստակ նպատակ ունի՝ փոխել համաշխարհային կարգն ու հայտնվել դրա կենտրոնում:
Մինչ այդ՝՝ Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունն օրեցօր ամրապնդվում է: Տան Կեֆեյը տեղեկացրել է, որ երկու երկրի զինված ուժերը կզարգացնեն ռազմավարական համակարգումը և պարբերաբար համատեղ պարեկություն կիրականացնեն ջրում և օդում։
ՊԵԿԻՆԸ ԴԵՄ Է ԱՄՆ ԹԱՅՎԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՅՑԻՆ
Պեկինը դեմ է Միացյալ Նահանգներ Թայվանի պաշտոնյաների այցին և զգուշացնում է Վաշինգտոնին կղզու հետ պաշտոնական շփումների հետևանքների մասին՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Թայվանի ղեկավար Ցայ Ին Վենն ուղևորվել է Բելիզ և Գվատեմալա, իսկ Միացյալ Նահանգները տարանցիկ կետ է եղել, Վաշինգտոնում պաշտոնական հանդիպումների մասին խոսք չկա:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին էլ հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը և Չինաստանի իշխանությունները բազմաթիվ շփումներ են ունեցել Թայվանի աշխատակազմի ղեկավարի ուղևորության հարցով։ Ըստ Քիրբիի՝ այն չի հակասում «մեկ Չինաստանի» սկզբունքին:
«Չինաստանը չպետք է օգտագործի այս տարանցումը որպես պատրվակ՝ Թայվանի նեղուցում որևէ ագրեսիվ գործողություն իրականացնելու համար», - հավելել է Քիրբին:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ԿԱՆՑՆԻ. ՌԵԶՆԻԿՈՎ
Էստոնական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ծրագրում են հակահարձակման անցնել ապրիլ-մայիս ամիսներին։ Ալեքսի Ռեզնիկովի խոսքով՝ մի քանի ուղղությամբ արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում:
«Մենք նախ պետք է պաշտպանվենք ռուսներից, զսպենք նրանց՝ հատկապես արևելյան ճակատում», - ընդգծել է պաշտոնյան, հավելել, որ շատ բան կախված է նաև եղանակային պայմաններից և արևմտյան ռազմական մատակարարումներից:
Ռեզնիկովը ևս մեկ անգամ նշել է, որ Ուկրաինային ժամանակակից կործանիչներ են հարկավոր, շեշտել՝ երկրի Զինված ուժերի տրամադրության տակ գտնվող ՄիԳ-29 կործանիչներն այդքան էլ արդյունավետ չեն:
ԶԱԷԿ-Ի ՄՈՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է. ԳՐՈՍԻ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Զապորոժիեի ատոմակայանի տարածք այցից հետո հայտարարել է, որ կայանի մոտակայքում զգալիորեն ավելացել է զինծառայողների թիվը:
«Ակնհայտ է, որ ռազմական ակտիվությունն աճում է այս ամբողջ տարածաշրջանում։ Այսպիսով, կայանը հնարավոր չէ պաշտպանել», - նշել է Գրոսին:
Սա ԱԷՄԳ-ի ղեկավարի երկրորդ այցն է Զապորոժիե Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր: Գործակալությունից հայտնել են, որ Գրոսիի խնդիրը ատոմակայանում միջուկային անվտանգության իրավիճակի գնահատումն էր:
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ՝ ՌԴ ՈՉ ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿԻՐ
Հունգարիան դասվել է Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների շարքին: Հունգարիայում Ռուսաստանի դեսպան Եվգենի Ստանիսլավովի խոսքով՝ պատճառն այն է, որ Բուդապեշտը միացել է հակառուսական պատժամիջոցներին: «Երկխոսության ուղիները, սակայն, բաց են մնում», - հավելել է դեսպանը:
Նա կարծիք է հայտնել, որ Հունգարիայի քաղաքականության հիմքում ընկած է սեփական շահերը պաշտպանելու ձգտումը, բայց միևնույն ժամանակ երկիրը զգում է Ուկրաինայում պատերազմի և հակառուսական պատժամիջոցների բացասական հետևանքները։
Դեսպանը նշել է նաև, որ Ռուսաստանը ոչ բարեկամական երկրների դեմ կարող է պատասխան պատժամիջոցներ սահմանել: