ՑՐՏԱՀԱՐՄԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՀԱՍՑՆԵԼ
Առաջիկա օրերին սպասվող ջերմաստիճանի կտրուկ անկման ֆոնին վարչապետը կաբինետի պատասխանատուներին հանձնարարեց աշխատել գյուղատնտեսների հետ: Ծաղկած կորիզավորների ցրտահարման կորուստները պետք է նվազագույնի հասցնել՝ ռիսկերը կառավարել՝ շեշտեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մաքսիմալ ակտիվ աշխատանք է պետք իրականացնել:
ՓԵՏՐՎԱՐԻՆ 286 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ
Վարչապետը գոհ է թոշակի ու նպաստի քարտերով անկանխիկ առևտրի արդյունքներից: Փետրվարին 3,4 միլիարդ դրամի շրջանառություն է եղել, քաղաքացիներին վերադարձվել է ավելի քան 286 միլիոն դրամ: 22-ի հուլիսից գործող համակարգն, ըստ Փաշինյանի, ամսական 20-25 տոկոսով աճում է:
Նիկոլ Փաշինյան - ԿԲ տվյալով՝ եթե 2022-ի հուլիսին կամ հունիսի վերջի դրությամբ ՀՀ-ում կար շուրջ 22 հազար POS-տերմինալ, ըստ էության, այսօրվա դրությամբ այդ թիվը եռապատկվել է:
Քարտով առևտուր անելը բերում է ստվերի կրճատման՝ նկատեց վարչապետը:
Կենտրոնական բանկի նախագահի խոսքով էլ՝ ընդհանուր անկանխիկ վճարումները 22-ին կազմել են 1,3 տրիլիոն դրամ՝ 58 տոկոսով ավելի, քան 21-ին: Փետրվարի դրությամբ 18 տոկոսով էլ աճել են առևտրի ծավալները: Տնտեսական ակտիվության ցուցանիշից խոսեց վարչապետը:
ՓԵՏՐՎԱՐԻՆ ՏԱՑ-Ը ԿԱԶՄԵԼ Է 11,3 ՏՈԿՈՍ
Նիկոլ Փաշինյան - Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,3 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 79,5 տոկոսով, արտահանումը՝ 2,1 անգամ, իսկ ներմուծումը՝ 163 տոկոսով, շինարարությունը շարունակում է շատ մեծ տեմպերով աճել՝ 13,9 տոկոս:
Ցածր է, սակայն, արդյունաբերության աճը՝ նախորդ փետրվարի համեմատ այս տարվա նույն ամսին ընդամենը 0,7 տոկոս: Փաշինյանը խնդիր դրեց՝ այդտեղ պետք է տեսանելի աճ արձանագրել՝ չհիմնվելով միայն հանքարդյունաբերության վրա:
ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ԱՊՊԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՈՒԿԱՆ ԿԱԶԱՏԱԿԱՆԱՑՎԻ
Օրակարգից դուրս մեկ թեմայի էլ անդրադարձավ՝ ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգի շուկան ազատականացվում է: Գնի և վարորդի վարքագծի կապն ավելի ուղիղ կլինի, կվերանա խմբային մոտեցումը՝ պարզաբանեց ԿԲ նախագահը, ասաց՝ առցանց պայմանագիր կնքելիս վարորդը տեսնելու է բոլորի գնառաջարկները, ու ինքն է ընտրելու իր համար լավագույն տարբերակը:
Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Եթե, օրինակ, բոլոր ավտոսեփականատերերն ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա 56 տոկոսի համար գները կնվազեն, 21 տոկոսի համար գները գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար գները կթանկանան:
Խոսքը բազային պայմանագրի մասին է, անհատական տվյալները մուտքագրելով համակարգը կհաշվարկի նաև բոլուս-մալուսը՝ նշեց Գալստյանը: Սակագների ազատականացումը, վարչապետի խոսքով էլ՝ վերջնական կլուծի պետական կառույցների ավտոպարկերի համար մրցույթով ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցը:
Նիկոլ Փաշինյան - Ես հույս ունեմ, որ մենք էս թեման մեկընդմիշտ փակեցինք, վերջ, այլևս ոչ մի գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի:
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎԵԼ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ
Օրակարգային 59 հարցից զեկուցվող էր 3-ը: Կլինի պետական շենքերի վրա թե այլ վայրերում տեղադրված դրոշ՝ պետական խորհրդանիշին ներկայացվող պահանջները խստացվում են: Օրենքի նոր փոփոխությամբ ամբողջական, մաքուր ու չգունաթափված լինելու պայմանը կվերաբերի բոլոր դեպքերին, կգործի վարչական պատիժ, վերահսկողությունն էլ կտրվի ոստիկանությանը՝ առանց դատարանի որոշման տույժ կիրառելու լիազորությամբ:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Հստակեցվում են ՀՀ դրոշին ներկայացվող պահաջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ 70 հազարից 100 հազար դրամի չափով:
Վարչապետը կարծում է՝ պետական պաշտոնյայի դեպքում պատիժը պետք է միայն վարչական տույժով չսահմանափակվի, ավելի խիստ մոտեցում լինի նաև աշխատանքային օրենսգրքով: Մասնավորին էլ հորդորեց ուշադիր լինել:
Նիկոլ Փաշինյան - էնտեղ, որտեղ կա դրոշ, պետք է պատշաճ վերաբերմունքի արժանանա և լինի պատշաճ տեսքի, եթե ոչ՝ ուրեմն համապատասխան վարչական լծակներ անպայման պետք է գործադրվեն:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ
Մյուս հարցով էլ Երևանի կենտրոնում՝ Հրազդանի կիրճ 4 հասցեում, Դալմայի դիմաց տարածք կհատկացվի քաղաքապետարանին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցը 0-ից կառուցելու համար: Եղածը հին է, նորոգման ոչ ենթակա՝ պարզաբանեց նախարար Սանոսյանը: 1,5 հա վրա միջազգային չափորոշիչներին համապատասխան կենտրոն կհիմնվի:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Բավական մեծ դահլիճներ են լինելու, ստորգետնյա ավտոկայանատեղիներ, հանդերձարաններ, սանհանգույցներ:
Նախագծողը կա, վարչապետը հույս ունի, որ այն շահագործման կհանձնվի մինչև 2027 թվականը: Այդ տարում Հայաստանը հյուրընկալելու է մարմնամարզության եվրոպայի առաջնությունը: Մեկ այլ՝ Հրանտ Շահինյանի անվան սպորտային-գեղարվեստական մարմնամարզության մանկապատանեկան դպրոցի կառուցման աշխատանքներն էլ կավարտվեն 24-ին: Թեման շարունակելով՝ ոլորտի պատասխանատուն ներկայացրեց նաև սպորտային մյուս ուղղություններով արվող աշխատանքները:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցին կից, գրեթե նույն շենքում նաև հեծանվային սպորտի մարզադպրոցն է, որտեղ նույնպես աշխատանքները 24-ին կավարտենք, Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը Ջրառատում կավարտենք այս տարի, արված է նաև գույքի մրցույթը:
Սկսվել է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի նախագծման աշխատանքը: Խորեն Հովհաննիսյանի ֆուտբոլային մարզադպրոցն էլ առաջիկա ամսում կհանձնվի շահագործման: Ամենամեծ համալիրներից մեկի՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի աշխատանքների 40 տոկոսն էլ արված է, վերջնաժամկետը 26 թիվն է՝ զեկուցեց նախարարը:
Զեկուցվող մյուս հարցն էլ էր Անդրեասյանի ղեկավարած կառույցինը:
ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Կձևավորվի նոր՝ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որն էլ կիրականացնի այդ օղակի միասնական քաղաքականությունը:
Ժաննա Անդրեասյան - Այս փոփոխություններով մենք, փաստորեն, ապահովելու ենք բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների ինստիտուցիոնալ բաղադրիչը, բովանդակային բաղադրիչը կապահովվի բարձրագույն կրթության և գիտության օրենքով, որն առաջիկայում կներկայացվի: Ենթակառուցվածքային բաղադրիչի բարեփոխումներն իրականացվելու են Ակադեմիական քաղաքի ձևավորմամբ, որի ուղղությամբ աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են:
Ակադեմիական քաղաքի շրջանակում, վարչապետի խոսքով էլ, լինելու են պետբյուջեից ֆինանսավորվող մինչև 8 բուհ: Դրանք կձևավորվեն ոչ միայն բուհական, այլև հետազոտական բաղադրիչների հիման վրա: Փաշինյանը նկատեց՝ պետությունն իր վրա կվերցնի տնտեսական, ենթակառուցվածքային և ֆինանսական հարցերը, իսկ գիտական ու կրթական խնդիրները կպատվիրակի բուհերին՝ նոր կոմիտեի ներքո: