Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կսկսի նվազել, նախորդ օրվա համեմատ արդեն իսկ որոշ շրջաններում դիտվում է 5-6 աստիճան նվազում՝ հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հանրապետության հովտային գոտում, այդ թվում՝ Արարատյան դաշտում, ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0․․․-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին՝ ժամը 05։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում։
Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2․․․-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ 0․․․-2 աստիճան։
Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև ձյան տեսքով տեղումներով։ Վաղվանից ձյուն կամ ձնախառն անձրև է սպասվում բոլոր շրջաններում: