ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մարտի 23-ին վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Ըստ այդմ՝ Տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը, և վերացել է ընկերության գործունեությունը մասնակի կամ ամբողջովին դադարեցնելու հիմքը։
Առկա հանգամանքների ուսումնասիրության արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից մարտի 30-ին որոշում է կայացվել թույլատրել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գործունեությունը։
Միևնույն ժամանակ, ընկերության տնօրենին տրվել է կարգադրագիր, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների դեռևս առկա խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։