Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է ԱՊՊԱ համակարգի շուկայի ազատականացմանը և նշել, որ դրա վերաբերյալ քննարկումը սկսվել է այն բանից հետո, երբ խնդիր է դրվել, որ պետական հատվածի բոլոր հիմնարկությունների ավտոպատասխանատվության պարտադիր ապահովագրությունը պետք է իրականացվի մրցութային կարգով: «Մենք հետազոտել և տեսել ենք, որ այդտեղ կան պրոբլեմներ, որովհետև, ըստ էության, գներն ի սկզանե են սահմանված և շուկայական մոտեցում չկա: Դրանից հետո ես հանձնարարել էի կառուցակարգերը բարեփոխել այնպես, որ ավտոապահովագրությունները տեղի ունենան բացառապես մրցութային կարգով: Եվ ահա այս ճանապարհին, կարծում եմ, բավականին լավ որոշումներ ենք կայացրել, շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխում, որի արդյունքները կվայելեն նաև ՀՀ ամենակարգապահ քաղաքացիները երթևեկության կանոնների պահպանման դեպքում,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացրել է, որ 2023-ի ապրիլի 1-ից անցում ենք կատարում ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին։ «Ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդական փուլն է, որովհետև կարծում ենք, որ արդեն բյուրոն թե՛ տեխնիկապես, թե՛ իր կարողությունների տեսանկյունից պատրաստ է ազատական համակարգի անցմանը։ Ավտոսեփականատերերի համար ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման համակարգի ներմուծում, որը նախկինում չենք ունեցել։ Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը։ Երկրորդ` գների ազատականացման արդյունքում կվերանան վարորդների անհատական վարքագծի հետ կապ չունեցող գործոնները։ Օրինակ` մենք ունեինք խմբային մոտեցում տաքսիստների համար կամ մինչև 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար։ Այդ կառուցակարգերն այլևս չեն գործելու, այլ գործելու է ազատ շուկայական մեխանիզմ, վարորդի անհատական տվյալները ձևավորելու են այն սակագինը, որը նա վճարելու է ԱՊՊԱ-ի համար: Քաղաքացիներն այսուհետ առցանց հարթակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս միաժամանակ տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկը։ Ըստ այդմ, կարող են ընտրել իրենց համար լավագույ գին/որակ հարաբերակցությունը»,- նշել է ԿԲ նախագահը։
Մարտին Գալստյանի խոսքով՝ եթե բոլոր ավտոսեփականատերերն ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա 56 տոկոսի համար գները կնվազեն, 21 տոկոսի համար գները գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար գները կթանկանան. «Սա չի վերաբերում բոնուս-մալուսի կիրառմանը, այլ վերաբերում է բազային պայմանագրին: Բնականաբար բոնուս-մալուսի հետ կապված հարցերը կառաջանան անհատական տվյալները մուտքագրելուց հետո, գինը կձևավորվի այդ երկուսի համադրան արդյունքում»։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 23 տոկոսը կվերաբերի այն քաղաքացիներին, ովքեր առանձնապես նախանձախնդիր չեն երթևեկության կանոնները պահպանելու հարցում. «Այստեղ կարծում ենք, որ ինչ որ առումով անհատական մոտեցումներն ավելի ճիշտ են։ Իհարկե, դա կապված կլինի նաև մեքենայի ձիաուժի և ամենատարբեր հանգամանքների հետ։ Ընդհանուր առմամբ այս փոփոխությունները հնարավորություն են տալիս նաև որակական փոփոխությունները քաջալերել, այդ թվում ավտոպարկի տրամաբանության և նաև վարքագծային առումով։ Կարծում եմ՝ շատ կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն է և ամենակարևորը՝ այլևս որևէ պետական հիմնարկ չունի որևէ խոչընդոտ ավտոմեքենաների ապահովագրությունն իրականացնել բացառապես մրցութային կարգով: Հույս ունեմ, որ մենք այս թեման մեկընդմիշտ փակեցինք. այլևս որևէ պետական գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի»,- ասել է վարչապետը: