Թուրքիան այս շաբաթ կվավերացնի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը՝ հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։ Նշվում է, որ Թուրքիայի խորհրդարանը Հյուսիսատլանտյան դաշինքին Հելսինկիի միանալու Արձանագրությունը հաստատելու մասին օրինագիծը կքննարկի այսօր։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի հնարավոր անդամակցության հարցում անորոշություն կա: Անկարան և Բուդապեշտը դեռ դեմ են այդ երկրի եվրատլանտյան ինտեգրմանը: Թուրքական կողմի պնդմամբ՝ Ստոկհոլմը չի կատարում ահաբեկչության դեմ պայքարում Անկարայի պահանջները:
Հունգարիան ևս մտահոգություններ ունի: Երկրի վարչապետի գրասենյակի միջազգային հարաբերությունների հարցով պետքարտուղարը հայտարարել է, որ իր երկիրը Շվեդիայի հետ մի շարք տարաձայնություններ ունի: Նրա խոսքով՝ Ստոկհոլմը պատասխանատու է երկկողմ հարաբերությունների վատթարացման համար և բացահայտ թշնամական վերաբերմունք է դրսևորում Հունգարիայի հանդեպ: Զոլթան Կովաչը Շվեդիային կոչ է արել վերանայել իր քաղաքականությունը: