Ադրբեջանի զինուժն այսօր գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:
«Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022 թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին (Բերձորի (Լաչինի) միջանցքին): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է, և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Այդ ճանապարհը, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ, վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից։ Հիշեցնենք, որ սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի հատվածը։
Եվ արդեն 108 օր շարունակ Արցախի բնակչությունը զրկված է արտաքին աշխարհի հետ կապից»,- ասված է հաղորդագրության մեջ: