Հայկական շահերի պաշտպանությանն ուղղված Ամերիկայի հայկական համագումարի խորհրդաժողովներն ամենամյա բնույթ են կրում։ Այս մեկը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Արցախը շուտով կլինի 4-րդ ամիսը, ինչ շրջափակման մեջ է:
Հենց համագումարի օրը պետքարտուղարություն է ուղարկվել 60 կոնգրեսականների նամակը, որը կոչ է անում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոց սահմանել։ Այս մասին հայտարարեց կոնգրեսական Ջուդի Չուն։ Նա 2019-ին Արցախում էր:
Ջուդի Չու (ԱՄՆ Կոնգրեսի անդամ) - Ուղղաթիռով մեկնեցինք Արցախ, ու տեսա, թե որքան մեծ աշխատանք էր տեղի ժողովուրդը արել ժողովրդավար հասարակություն կառուցելու համար։ Այդ այցի համար Ադրբեջանն արգելեց իմ մուտքն իրենց երկիր։ Ես դա համարում եմ պատիվ։
Կոնգրեսական Մեգեզիները երկու ամիս է` ինչ ընտրվել է, և կատակով ասաց, որ դեռ Ադրբեջանի սև ցուցակում չէ, բայց աշխատում է այդ ուղղությամբ։
Սեթ Մեգեզիներ (ԱՄՆ Կոնգրեսի անդամ) - Հայկական հանձնախումբն առաջին կոնգրեսական հանձնախմբերից էր, որին միացա։ Արդեն աջակցել եմ մի շարք հայանպաստ օրենսդիր նախաձեռնությունների։
Այս պահին Կոնգրեսում մի քանի հայանպաստ փաստաթուղթ է շրջանառվում՝ հաջորդ տարի Հայաստանին 100 ու Արցախին 60 միլիոնի օգնություն դրամադրելու, Ադրբեջանին ամերիկյան օգնությունը սահմանափակելու և Արցախի անօրինական շրջափակման վերաբերյալ։ Մեր լոբբին դեռ աշխատանք ունի անելու այս նախաձեռնություններն ավարտին հասցնելու համար։
Բրեդ Շերմանն ասում է, որ 1997-ին, երբ առաջին անգամ առաջարկեց Ստեփանակերտին ուղղակի օգնություն տրամադրել, դա նույնպես դյուրին գործ չէր թվում, բայց հաջողեցին։
Բրեդ Շերման (ԱՄՆ Կոնգրեսի անդամ) - Առաջին անգամ Կոնգրես եմ ընտրվել 1997-ին։ Նույն թվականին առաջարկեցի 5 միլիոնի օգնություն տրամադրել Ղարաբաղին։ Պետքարտուղարությունը դեմ էր: Ասացին` դա կնշանակի անուղղակի ճանաչում։ Ճիշտն ասած` այդ պահին իմ նպատակն անուղղակի ճանաչումը չէր, այլ ֆինանսական օգնությունը։ Բայց, կարծում եմ` մենք դրական նախադեպ գրանցեցինք այս եղանակով Արցախի ճանաչման հետ կապված։ Հիմա նպատակս է, որ միջազգային հանրությունն Ադրբեջանին ասի, որ Արցախն ադրբեջանական տարածք չէ։
Համաժողովի առանցքային թեմաներից էր նաև Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը, որը շարունակվում է արդեն ավելի քան 100 օր։
Ռոբերտ Ավետիսյան (ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ) - Արցախում բնականոն կյանքը խաթարված է։ Ու դրա պատճառը ոչ թէ բնական աղետն է կամ, ասենք, համավարակը, այլ մեկ բռնապետի քաղաքական որոշումն է։ Նա իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե ով Արցախում կմնա առանց դեղամիջոցի կամ մանկական սննդի։
Ջիմ Մակգովերնն ընտրվել է Ուսթեր քաղաքից, որտեղ 2 դար առաջ ամերիկահայերը հիմնել են Միացյալ Նահանգների առաջին հայկական եկեղեցին։ Դինա Տիտուսն էթնիկ հույն է։ Նրանք բոլորը և Հայկական հանձնախմբի ղեկավար Ֆրենք Փալոնը դատապարտեցին 120 հազար հայերի նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքը։
Հատկանշական է, որ հավաքին ներկա ոչ բոլոր օրենսդիրները ամերիկահայ ընտրողներ ունեն։ Օրինակ` Տեխասից Շեյլա Ջեքսոն Լին հետաքրքված է խնդրով, քանի որ զբաղվում է մարդու իրավունքների հարցերով։
Շեյլա Ջեքսոն Լի (ԱՄՆ Կոնգրեսի անդամ) - Որպես ԵԱՀԿ Հելսինկյան հանձնաժողովի անդամ՝ ես փետրվարին Վիեննայում հանդիպեցի նաև Հայաստանի խորհրդարանականների հետ, քննարկեցինք Հայաստանի ինքնիշխանության հարցն ու հարաբերությունները հարևանների հետ։
Բրայըն Արդունի (ԱՄՆ հայկական համագումարի տնօրեն) - Այս համագումարի շրջանակում Միացյալ Նահանգների հայկական համագումարը նաև բազմաթիվ երկկողմ հանդիպումներ ունեցավ Վիրջինիայի, Իլինոյսի, Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի տասնյակ կոնգրեսականների հետ։ Կարևոր է, որ նրանք ուղղակի ամերիկահայերից լսեն նրանց մտահոգությունների մասին։
Ֆրեզնոյից Ջիմ Կոստան հայկական հավաքին գալուց առաջ հանդիպել էր Նենսի Փելոսիին։ Նախկին խոսնակն իմ միջոցով ողջույններ է ուղարկել, ամփոփեց Կոստան։